Երեւանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցում մայիսին աշակերտներից 350 դրամ են հավաքել` օրագիր տրամադրելու համար, այնինչ այս տարի պետբյուջեի հաշվին երեխաներին ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված օրագրեր են բաժանվել: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած Կարինեն: Քաղաքացին հեռուստատեսությունից իմացել էր, որ բոլոր աշակերտներին անվճար օրագրեր են տրվելու` Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ եւ մտածել, որ այդ գումարը հավաքել են պետության կողմից անվճար տրամադրվող օրագրերի դիմաց:

NEWS.am-ը փորձեց պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչու է դպրոցը գումար հավաքել: Այցելեցինք Երեւանի Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոց եւ զրուցեցինք տնօրեն Մուշեղ Սինանյանի հետ: Նա հաստատեց, որ մայիսին դպրոցում գումար են հավաքել օրագիր տրամադրելու համար: «Ես այդ գումարը հավաքել եմ մինչեւ այդ գործընթացն սկսելը, որովհետեւ դպրոցը տեղյակ չէր, որ անվճար օրագրեր են տրվելու: Մտածում էինք` դպրոցը ինքն իր օրագրերը ունենար, որ ծնողը չտանի տա 500 դրամ, այլ տա 350 դրամ եւ միանգամից դպրոցից վերցներ օրագիրը: Այդ գումարները վերադարձվելու են ծնողներին»,- ասաց նա:

Տնօրենը բարկացած էր, որ իշխանություններն օրագրերը բաժանում են այսքան ուշացումով, մինչդեռ ծնողներն ավելի վաղ են գնում գրենական պիտույքները: «Ես զարմանում եմ այդ տրամաբանության վրա: Էսօր մեզնից թիվ են ուզում, որ բերեն երեխեքին օրագիր բաժանեն, ինչո՞ւ, հարց եմ տալիս»,-  ասաց  տնօրենը:

Նշենք, որ օրագրերի համար գումար է հավաքվել 3-8-րդ դասարանների աշակերտներից, ըստ որում` 380 աշակերտից 360-ը, տնօրենի խոսքով, իր կամքով համաձայնել է վերցնել օրագիրը: Այդ դասարանների 360 աշակերտներից հավաքված 350-ական դրամները կազմել են 126 հազար դրամ: Տվյալ դպրոցի նկարով եւ հիմնով օրագրերը պատվիրվել են տպարանում: «Դուք օրագրեր տեսե՞լ եք, գիտեք` օրագիրը ինչ բան ա, նվազագույնը ինչքանից ինչքան ա, արժեքները»,- ասաց տնօրենը:

Ի դեպ, շուկայում օրագրերի գինը սկսվում է 150 դրամից: Դպրոցը պատրաստվում է օրագրերը բաժանել երեխաներին, իսկ դրանց համար հավաքված գումարները վերադարձնել հաջորդ շաբաթ հրավիրվելիք ծնողական ժողովի ժամանակ:

Իսկ թե ինչպես են վերադարձնելու օրագրերի գումարը, տնօրենը նշեց. «Դպրոցը բյուջե շատ ունի, բայց դա դպրոցի համար է, էական չէ, թե ինչպես կտամ էդ գումարները»,- ասաց տնօրենը: Երեխաներին միանման օրագրեր ունենալը, տնօրենի բնութագրմամբ, դպրոցի դաստիարակչական գործառույթի մեջ է մտնում, քանի որ «երբ երեխան գնում է դպրոց եւ տեսնում թանկարժեք օրագիր, ապա նա պարտադրում է ծնողին գնել դրանից իր համար»:

NEWS.am-ի դիտարկմանը, թե այդ նույն տրամաբանությամբ կարելի է մտածել, որ երեխաները, տեսնելով միմյանց թանկարժեք պայուսակները, կարող են վատ զգալ, հնարավոր է, որ դպրոցը այժմ էլ նախաձեռնի միատեսակ պայուսակներ վաճառելու ակցիան: «Եթե առաջարկող լինեի, վաղուց նման բան կառաջարկեի»,- արձագանքեց տնօրենը:

Հ.Գ. Տնօրեն Մուշեղ Սինանյանը չէր հավատում, որ իր հետ լրագրող է խոսում: Զանգելիս նա խնդրեց ներկայանալ անուն- ազգանունով, իսկ հետո ասաց, որ հիմա կզանգի խմբագրություն եւ կճշտի, թե իրենց մոտ նման անուն-ազգանունով լրագրող կա՞, որից հետո միայն կխոսի: Բայց քանի որ տնօրենը չզանգահարեց, մենք նորից զանգահարեցինք, իսկ հետո գնացինք դպրոց, որպեսզի տնօրենի կասկածները փարատվեին: Դպրոցից վերադառնալուց հետո էլ` որոշ ժամանակ անց, տնօրենը զանգահարեց խմբագրություն եւ ճշտեց, թե արդյոք իր մոտ եղած լրագրողը լրագրո՞ղ է եւ աշխատո՞ւմ է NEWS.am-ում, թե` ոչ:

Պատրաստեց Ինգա Մարտինյանը