Երեւանի Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Օստ» բիստրոյում լահմաջոները պատրաստում են պլաստմասե շշերի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակներից վառված թոնիրի մեջ: Այս մասին պատմեց NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին` Կարենը. «Ամեն օր աշխատանքային ընդմիջման ժամանակ ես սովորաբար օգտվում եմ Պուշկին–Մաշտոց  խաչմերուկի վրա գտնվող «Օստից», որտեղ հիմնականում մարդիկ գնում են լահմաջո ուտելու:

Օրերս այնտեղ այցելելուց եւ սնվելուց հետո մոտեցա լվացարանին եւ տեսա, թե ինչպես հավաքարարը գետնից վերցնելով պլաստմասե շշերի համար նախատեսված արդեն կեղտոտ պոլիէթիլենային տոպրակները տվեց լահմաջո պատրաստողին, որպեսզի նա նետի  թոնիրը, որտեղ պատրաստում են լահմաջոները»,- պատմեց «Օստի» մշտական, բայց թերեւս արդեն նախկին հաճախորդը:

Նրա խոսքով` մինչ պոլիէթիլենային տոպրակները թոնիրը նետելը, նա դիմել է լահմաջո պատրաստողին` զգուշացնելով, որ պարկերը կթունավորեն պատրաստվող լահմաջոները, սակայն նրա ոչ մի խոսքին ուշադրություն չդարձնելով, լահմաջո պատրաստողը դրանք նետել է թոնիրը` հեգնելով, թե ինքը դրանում ոչ մի վատ բան չի տեսնում:

«Ես ուղղակի ապշահար նայում էի, թե ինչպես են պոլիէթիլենային տոպրակները այրվում եւ փոշմանում եմ որ այդքան երկար ժամանակ օգտվել եմ նման լահմաջոներից; Չէ՞ որ նման կրակում պատրաստված լահմաջոները կարող  են թունավորել մարդկանց»,- նշեց քաղաքացին` հավելելով, որ եթե մեկ անգամ ինքը ականատես է եղել նման տեսարանի, ապա շատ հնարավոր է, որ դա պարբերաբար կրկնվող երեւույթ է: «Չէ, որ սնունդ պատրաստելու համար նախատեսված թոնրում պետք է միայն օգտագործել վառելանյութ, ոչ թե այն ամենը, ինչ ընկնում է ձեռքի տակ, այն էլ` կեղտոտ վիճակում», -ասաց  հաճախորդը:

Քաղաքացու ահազանգի հետքերով` NEWS.am-ը զանգահարեց Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Օստ»  բիստրո եւ հետաքրքրվեց, թե ինչո՞վ են նրանք վառում կրակը: «Թղթով առավոտը մի հատ փուռը կպցնում են ու վերջ, ուրիշ ոչ մի բան չեն գցում, ալյուրի պարկերը հավաքում վաճառում ենք, ցելաֆոններով էլ մարդկանց տալիս ենք ապրանքը եւ ճանապարհում, միայն վառելափայտ է օգտագործվում»,- ասաց բիստրոյի մենեջեր Գուրգենը:

Նրա խոսքով` երեւի այդ դեպքի ժամանակ ինքը բիստրոյում չի եղել  կամ էլ իրեն չեն դիմել, բայց միեւնույն ժամանակ նշեց, որ իրենց մոտ շատ քիչ է պլաստմասե շշերով ջրեղեն լինում, դա հիմնականում առաքում են: «Հազարից մեկ հնարավոր է, որ ձեռքի տակ ընկած շիշը կամ այլ բան, որ իրենք չեն խմում, գցեն փռի մեջ, ես չեմ բացառում, բայց չեմ էլ տեսել անձամբ: Բայց որ զիբիլը հավաքեն գցեն փռի մեջ, դա հնարավոր չէ»,- ասաց Գուրգենը:

Դիմեցինք նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայությունից, որտեղից մեզ հայտնեցին, որ երբեւէ այդ բիստրոյում ստուգումներ չեն իրականացվել, բայց այս ահազանգից հետո «Օստը» կներառվի մշտադիտարկման շրջանակներում: Ինչ վերաբերում է կեղտոտ պոլիէթիլենային տոպրակներով վառված կրակին ու դրա վրա լահմաջո պատրաստելուն, ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ որ դա վտանգավոր է, երբ բաց կրակի վրա է պատրաստվում, վառարանում կամ ինչ-որ փակ տարածքում չէ: