Երկու շաբաթից մի փոքր ավելի ժամանակ է անցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունների ստորագրումից, սակայն մինչ օրս նրանց ստույգ իմաստը անհայտ է մնում,- Արգենտինայի հայկական համայնքի Diario Armenia թերթում գրել է վերլուծաբան Խորխե Ռուբեն Ղազանչյանը։

Ղազանչյանի կարծիքով, «իրականում փաստաթղթերի բուն իմաստը չբացահայտված է մնում լայն հասարակայնության համար։ Ինչը, իրականում, բնավ էլ չի հակասում Հայաստանի կառավարության դավանած քաղաքականությանը. այն է՝ ողջ ուժով խոչընդոտել տեղեկատվության ստացմանը, որը կարող է լույս սփռել բոլոր հայերի մոտ բողոք հարուցող խնդրո առարկայի վրա, ի տարբերություն Թուրքիայի, որի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ժպիտը դեմքին ստորագրեց արձանագրությունները, իսկ երկրի կոշտ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրման արարողությունից անմիջապես հետո հերթական անգամ կրկնեց, որ Հայաստանը պետք է իր զորքերը հեռացնի „օկուպացված“ տարածքներից, եթե ցանկանում է հավակնել սահմանի բացմանը։ Նախապայմանի հավակնող ցանկացած միտք պարզապես համընկնում է։ Կասկած չի հարուցում, որ իրականում գոյություն ունի այն, ինչն ամեն կերպ հերքում էին նախագահ Սերժ Սարգսյանն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ գազի ոլորտին վերաբերող սպառնալիքներ պարունակող ռեակցիան»։

Վերլուծաբանը նշում է, որ «Սփյուռքի գաղթօջախներով Հայաստանի ղեկավարի շրջագայությունը ավարտվել է լիակատար ձախողմամբ։ Հայկական համայնքները հույս էին փայփայում, որ իրենց ձայնը կլսվի նախագահի կողմից, սակայն դա տեղի չունեցավ։ Հանդիպումներից առաջ ընդգծվում էր, որ Սարգսյանը եկել է կասկածները ցրելու, եւ չի պատրաստվում որեւև միջոցներ ձեռնարկել փոփոխությունների համար։ Սակայն թարմացնենք մեր հիշողությունը, որպեսզի հստակ պատկերացնենք հետագա քայլերը եւ ուղղությունը։ Դեռեւս նոյեմբերին Սարգսյանը գերմանական Algemeine Zeitung-ին հայտարարել էր, որ „պատմական փաստերն ու իրադարձությունները հետազոտող պատմաբանների միջկառավարական հանձնաժողովն անիմաստ է։ Չեմ կարծում, որ դրանով կարելի է ինչ-որ բանի հասնել։ Մենք ցանկանում ենք երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որեւև նախապայմանի“։ Ավելի ուշ Սարգսյանը կասի նաեւ, որ „նման նախաձեռնությունները կարող են թյուրիմացության մեջ գցել ու սխալ պատկերացում ձեւավորել միջազգային հանրության մոտ“։ Այդ փաստարկներն, իրականում, անկյունաքար են նրանց համար, ովքեր հակադրվում են վերջին զարգացումներին։ Ո՞րն է այնուամենայնիվ ճշմարտությունը։ Նախագահի նոյեմբերյան այն հայտարարություննե՞րը, թե՞ նրա կասկածներ ու ռիսկեր պարունակող վերջին դիրքորոշումը։

Սակայն կարելի է անել եւս մեկ պնդում. Հայաստանը բանակցային գործընթացում հանդես է գալիս առանց նախապայմանների, այսինքն՝ լիովին ենթարկվելով նրանց կամքին, ովքեր ցանկանում են իրեն թելադրել իր իսկ ապագան…»