Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը հերքեց մամուլում տարածված այն տեղեկություևները, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամարա Պողոսյանը անդամագրվել է իրենց կուսակցությանը եւ այդ կուսակցության փոխնախագահն է:
Դավիթ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Քաղաքական հերթական էրոտիկան` դաշնակների կողմից, անաստված սուտ»,- ասաց նա:
Հարցին, թե կարո՞ղ է Թամարա Պողոսյանը այդպիսի ցանկություն ունի, կամ նրա անդամագրվելը նախնական փուլում է, գլխավոր մարքսիստը նշեց, որ նա գնում է բացարձակապես այլ կուսակցություն, այդպես էլ չկոնկրետացնելով, թե որ կուսակցությունը նկատի ունի:
Հիշեցնենք, որ Թամար Պողոսյանը ՕԵԿ-ի անդամ էր, իսկ վերջերս մշակութային գործիչների հետ մասնակցել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը:
Նշենք, որ «Երկիր» օրաթերթը այսօր գրել էր, «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին ղեկավար Թամարա Պողոսյանը Հայաստանի սփյուռքի նախարարության հետ ունեցած խնդիրներից եւ հիմնադրամը լքելուց հետո անդամագրվել է Հայաստանի Մարքսիստական կուսակցությանը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամին մոտ կանգնած անձինք հայտնեցին, որ Թամար Պողոսյանը ներկայումս Մարքսիստական կուսակցության փոխնախագահն է:«Թամար Պողոսյանը հայտնի է իր հռետորությամբ, ինչն էլ անհրաժեշտ է հայ մարքսիստներին եւ նրանց ղեկավար Դավիթ Հակոբյանին»,- գրել է թերթը:



























