Ռուսերեն դասավանդող ուսուցիչներից հայտերի ընդունումը շարունակվում է։ Հայտերը կընդունվեն մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Այս մասին հայտարարել է «Կրթություն առանց սահմանների» ՀԿ-ն։

Մրցույթին կարող են մասնակցել դպրոցների եւ բաց կրթության կենտրոնների ուսուցիչները, ռուսերեն դասավանդող ուսուցիչները ինչպես դասական մեթոդաբանությամբ, այնպես էլ նորարարական կրթական տեխնոլոգիաների եւ իրենց սեփական մեթոդական մշակումներով։

Մրցույթն անցկացվում է երկու փուլով։ Առաջին փուլը հեռակա է, այն մեկնարկել է հոկտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 12-ը։ Այս փուլում ուսուցիչները գրանցվում են մրցույթի կայքում եւ մինչեւ դեկտեմբերի 1-ը ուղարկում են հայտեր՝ նկարագրելով իրենց մանկավարժական նախագիծը:  Ծրագրի նկարագրությունը պետք է ներկայացվի տեքստային ձեւաչափով (շնորհանդես, Word, PDF), որը կարող է պարունակել նկարազարդումներ: Ուսուցիչը կարող է ներկայացնել մինչեւ 3 նախագիծ։

Ռուսաց լեզվի դասավանդման ոլորտում ճանաչված փորձագետների եւ պրակտիկ մասնագետների միջազգային ժյուրին կգնահատի մրցութային աշխատանքները եւ կորոշի առաջին փուլի հաղթողներին։ Մրցույթի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 12-ին, եզրափակիչ փուլին  կհրավիրեն մասնակցել մրցույթի երկրորդ՝ առկա փուլին, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-23-ը Մոսկվայում: Այնտեղ ուսուցիչները կներկայացնեն իրենց նախագծերը շնորհանդեսների ձեւաչափով ժյուրիի անդամների առջեւ։ Երկրորդ փուլի արդյունքներով ժյուրին կորոշի մրցույթի հաղթողներին։Նրանց անունները հայտնի կդառնան դեկտեմբերի 23-ին  մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ: 

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կստանա անվանական վկայական, դափնեկիրներն ու հաղթողները կպարգեւատրվեն անվանական պատվոգրերով եւ դրամական մրցանակներով։ 4 հաղթողներ կստանան 50 հազարական ռուսական ռուբլի, 8 դափնեկիրներ՝ 30 հազարական: Բացի այդ, հաղթողներին եւ դափնեկիրներին իրավունք է տրվում հրապարակել իրենց մանկավարժական նախագիծը մրցույթի պաշտոնական էլեկտրոնային ժողովածուում, որը տարածվում է ԱՊՀ երկրների ռուսաց լեզվի ուսուցիչների պրոֆեսիոնալ համայնքում։