Հայաստանն ունի ռուսական ապրանքների արտադրության ու վաճառքի եւ Ռուսաստանի համար անհրաժեշտ ապրանքների ստեղծման կարեւոր հանգույցներից մեկը դառնալու բոլոր հնարավորությունները։ Այս մասին նոյեմբերի 10-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Ռուսակովը։

Նրա խոսքով, Հայաստանի նշանակությունը արմատապես բարձրացել է նաեւ այն բանից հետո, երբ վերջերս Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու որոշում է կայացվել։ «Սա խոսում է այն մասին, որ մի շարք ապրանքների եւ ապրանքային նմուշների գները կնվազեն։ Նախորդ պայմանագրով եղել է մոտ 1000 ապրանք, որոնց մաքսատուրքերը նվազեցվել են։ Այս համատեքստում բարձրանում է Հայաստանի՝ որպես տարանցիկ երկրի դերը»,- նշեց Ռուսակովը։

Փորձագետը պարզաբանեց, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը դարձել է կարեւոր գործընկեր, այդ թվում՝ մեկ մաքսային տարածքի շրջանակներում գտնվելու շնորհիվ։ «Մեծ քանակությամբ առեւտրային տարածքներ են ազատվում, եւ սա նույնպես հնարավորություն է բացում սպառողական ապրանքների ոլորտում աշխատող հայկական բիզնեսի համար։ Մինչ ռուսական հատուկ գործողության մեկնարկը Սվերդլովսկի մարզի գյուղմթերքի հայազգի արտադրողները Բելառուսից հետո երկրորդ տեղն էին զբաղեցնում սննդամթերքի արտասահմանյան մատակարարների շարքում»,- հավելեց նա։