Թուրքիայում ձերբակալել են հացթուխների արհմիության ղեկավարին՝ «թուրք ժողովրդին հրապարակայնորեն վիրավորելու համար»։ Պատճառը նրա հայտարարությունն է այն մասին, որ հասարակության «հիմար» սերը դեպի հացը բացատրում է, թե ինչու են թուրքերը 20 տարի ընտրում նախագահ Թայիփ Էրդողանի կառավարությունը։

Հաց արտադրողների միության նախագահ Ջիհան Քոլիվարը մեկնաբանություններ է արել Haberturk հեռուստաընկերության համար` խոսելով Թուրքիայում հացի թանկացման եւ ինֆլյացիայի սրընթաց աճի մասին։ «Հացը հիմնական սնունդ է հիմար հասարակություններում։ Ես խոսում եմ գիտական տեսանկյունից՝ մեկ շնչին ընկնող հացի սպառումը Թուրքիայում 210 կգ է, իսկ Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում, Անգլիայում, Ճապոնիայում՝ 45-50 կգ»,- ասել է Քոլիվարը։ «Որպեսզի մեր հասարակությունը կուշտ ուտի, այդպիսի կառավարիչներն են նրան ղեկավարում արդեն 20 տարի».

Ստամբուլի դատարանը նրան նախնական կալանքի տակ է դրել, հաղորդել է Anadolu պետական տեղեկատվական գործակալությունը:

Քննադատները Թուրքիայի տնտեսական դժվարությունների համար մեղադրում են Էրդողանի անսովոր դրամավարկային քաղաքականությանը, որը, նրա խոսքով, ուղղված է արտահանման, ներդրումների եւ աշխատատեղերի ավելացմանը:

Ինֆլյացիան հոկտեմբերին բարձրացել է մինչեւ 24 տարվա 85,5 տոկոս առավելագույնին՝ աճելով անցյալ տարի, քանի որ լիրան կտրուկ անկում է ապրել այն բանից հետո, երբ կենտրոնական բանկը սկսել է իջեցնել տոկոսադրույքները, ինչպես դրան ձգտում էր Էրդողանը:

Էրդողանի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը Քոլիվարի խոսքերն անվանել է «ատելության» արտահայտություններ։ «Մեր ազգին ու հացին վիրավորելուց բացի, այս անձի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա թշնամանքի քաղաքականության տարր է, ատելության քաղաքականության տարր»,- ասել է Չելիքը։