Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնի գլխավորած պատվիրակությանը, որին ներկա էին նաև Իսրայելի արտաքին գործերի նախարարության եվրասիական և արևմտյան Բալկանների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիմոնա Հալպերին և Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության Պատվավոր հյուպատոս Աշոտ Շախմուրադյանը։

Էկոնոմիկայի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման, մասնավորապես՝ առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ և իսրայելական գործարար շրջանակների փոխայցելությունների միջոցով տեղում ծանոթանալու համագործակցային ոլորտների գործունեությանը և հնարավոր հեռանկարներին։