Ադրբեջանը նախատեսում է մեծացնել Աֆղանստանի անվտանգությունն ապահովող միջազգայի ուժերում ծառայություն անցնող իր խաղաղարարների թիվը։ Այդ մասին հայտնում է АПА գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։

Ներկա դրությամբ, աղբյուրի տվյալներով, աշխատանքներ են տարվում երկրի խորհրդարան ավելի ուշ ներկայացվելիք փաստաթղթերի շուրջ։

Այդ երկրում իր ռազմական միավորներն ավելացնելու մասին բանավոր համաձայնություն Ադրբեջանը տվել էր անցած շաբաթ ՆԱՏՕ-ի եւ ISAF-ի մասնակից-երկրների պաշտպանության նախարարների՝ Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ։

Ի դեպ, ինչպես գործակալությանը հայտնել էր Ադրբեջանի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ Զահիդ Օրուջը, Բաքվին այդ խնդրանքով դիմել են ՆԱՏՕ-ն եւ Աֆղանստանը։ Սակայն այդ առաջարկությունը, Օրուջի խոսքով, խորհրդարան պետք է մտցնի երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։