Այսօր` սեպտեմբերի 5-ին NEWS.am-ի խմբագրություն էր զանգահարել մեր մշտական ընթերցողներից մեկը, ով նախօրեին երեկոյան ընթրել էր Թումանյան 19 հասցեում գտնվող «Արեւելյան շաուրմա» խորտկարանում: Ընթերցողի խոսքով, շաուրմայի մեջ, ի թիվս մսի եւ համեմունքների հայտնաբերել էր նաեւ կապրոնե թել, որը, անգամ մեծ երեւակայության դեպքում հնարավոր չէ համեմունք համարել: Մեր ընթերցողը, որպես իր խոսքերի ապացույց, էլեկտրոնային փոստով ուղարկեց նաեւ համապատասխան տեսագրությունը, որտեղ երեւում է բրդուճի միջից հայտնաբերվածը:

«Շաբաթ երեկոյան այցելել էինք «Արեւելյան շաուրմա», պատվիրել ենք շաուրմա, ուտելիս հայտնաբերել ենք սպիտակ գույնի կապրոնե թել, որով կանաչեղեն են կապում:  Տեղում նկարեցինք, որպեսզի փաստենք»,- նշեց նա:

«Արեւելյան շաուրմա» ընկերության ղեկավար Մանվել Տեր-Առաքելյանը կտրականապես հերքեց, որ իրենց արտադրանքի միջից հնարավոր է որեւէ այլ բան գտնելը: «Ես ինքս չեմ տեսել եւ բողոք չենք ստացել: Ես համարում եմ դա պատվիրված: Հակահամաճարակային տեսչության կողմից սերտիֆիկատը տրվում է Աստծո ամեն օր, եւ ոչ մի բողոք մենք չենք ստացել: Հասարակական սնունդն այն բնույթն է կրում, որ ցանկացած մարդ կարող է մտնել, շաուրման ուտելուց հետո հանել ինչ-որ կապրոնի թել, կամ բոլտ ու գայկա, եւ ասել` սա ես գտա ձեր սննդի միջից: Ես սա համարում եմ սադրանք: Այդ տեսագրությունն անողը պատրաստված է մտել, ես չեմ բացառում, որ հաջորդ անգամ կարող են փիղ էլ գտնել: Շատ ենք ենթարկվել նման սադրանքների, լավ գիտենք»,- նշեց Մանվել Տեր-Առաքելյանը:

Ի դեպ, նշենք, որ Մանվել Տեր-Առաքելյանը նաեւ «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատերն է, եւ ներկայումս դատական քաշքշուկների մեջ է «Յունիբանկի» հետ: