Հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ այդքան սպասված եւ բազմաթիվ քննարկումների, մեկնաբաննությունների եւ որոշ ուժերի կողմից էլ քաղաքական շահարկումների առիթ հանդիսացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիա-Հայաստան պատասխան խաղը Բուրսայում: Մարզական առումով այն քիչ հետաքրքրությունն էր ներկայացնում, քանի որ ոչ Հայաստանը, ոչ Թուրքիան այլեւս չէին կարող դուրս գալ ենթախմբից: Իսկ քաղաքական առումով իհարկե այն ուներ նշանակություն եւ հատկապես լուրջ նշանակություն՝ Թուրքիայի համար: Մարզական կարեւորությունը ընդգծելու եւ Թուրքիայի իրականացրած կազմակերպչական աշխատանքները մոտիկից տեսնելու նպատակով` Բուրսա էր ժամանել ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: Թուրքիայի համար կարեւոր էր ներկայանալ որպես հյուրընկալ եւ եվրոպական չափանիշներին համապատասխանող երկիր, որը հավատարիմ է իր «զրո խնդիր» հարեւանների հետ քաղաքականությանը: Իսկ ինչպես հայտնել է Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը` Հայաստանը այդ քաղաքականության մեջ նույնպես տեղ է զբաղեցնում: Թուրքիային գրեթե հաջողվել է բարելավել հարաբերությունները իր անմիջական հարեւանների հետ եւ մնացել է միայն Հայաստանը: Բուրսայի խաղը լավ առիթ էր Թուրքիայի համար ապացուցելու իր բարի մտադրությունները: Թուրքական իշխանությունները ամեն ինչ արեցին, որ խաղից մի քանի օր առաջ Բուրսա ժամանած Հայաստանի ֆուտբոլի հավաքականը եւ հայկական պատվիրակությունը լինեն խիստ անվտանգության ներքո, ինչպես նաեւ ցույց տան Բուրսայի հյուրընկալությունը: Այս համատեքստում երեւաց հատկապես Բուրսայի նահանգապետ Շահաբեդին Հարփութի ջանքերը` լավագույնս ներկայացնել Բուրսան եւ բուրսացիների հյուրընկալությունը: Իրենց հերթին բուրսացիները հնարավորություն ունեցան ապացուցելու իրենց հյուրընկալությունը եւ հարգանքը հայ հյուրերի նկատմամբ: Հատկապես կարելի նշել Բուրսայի ոստիկանության աշխատակիցներ Լեւենտ Աքբուգային եւ մյուսներին, ովքեր ոչ միայն ապահովեցին հայկական պատվիրակության անվտանգությունը` այլ նաեւ կարողացան օգնել հարթելու տարբեր խնդիրներ, որոնք երբեմն ծագում էին հայկական պատվիրակության առջեւ։ Դրանով նրանք բարձր պահեցին թուրքական ոստիկանության պատիվը եւ ներկայացան, որպես օրինակելի ոստիկաններ:
Ինչպես ընդունված է աշխարհում եւ ինչպես նշել էին Թուրքիայի ղեկավարները, ֆուտբոլային խաղը ընդամենը մարզական միջոցառում է եւ պետք է անցնի բարեկամական մթնոլորտում: Սակայն այդպես չէին մտածում Թուրքիայի եւ Ադրբեջանի որոշ ուժեր: Խաղից օրեր առաջ նրանք կարծես պատրաստվում էին լուրջ պատերազմական գործողության՝ ընդդեմ Հայաստանի: Նրանք Բուրսայում ստորագրահավաք կազմակերպեցին՝ ընդդեմ Հայաստանի նախագահի Բուրսա այցելության, որի ընթացքում հնչում էին հակահայկական կոչեր: Ինչպես հայտնի է, այդ միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեին ադրբեջանական կազմակերպությունները: Հակահայկական այսպես ասած կոալիցիան ասպարեզ հանեց 15 հազար ադրբեջանական դրոշ տպելու գաղափարը: Ադրբեջանա-թուրքական որոշ ուժերի հաջողվեց անհիմն ու արհեստական դրոշակային ճգնաժամ ստեղծել Բուրսայում: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ խաղը հայտնել էր, որ խաղին ադրբեջանական դրոշ չի արգելվում, Բուրսայի նահանգապետը նույնպես նշել էր, որ խաղին կարելի մտնել ցանկացած երկրի դրոշով: Չնայած, որ ՖԻՖԱ-ն վերջին պահին արգելեց ադրբեջանական դրոշ մտցնել մարզադաշտ` այնուամենայնիվ մոտ երեք հարյուր ադրբեջանական դրոշ եղել է մարզադաշտում: Բուրսայի մարզադաշտում ադրբեջանական դրոշների գոյությունը Բաքվում գտնվելու ժամանակ հաստատեց նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պետք նշել նաեւ, որ Բուրսայում հայկական պատվիրակության իջեւանած հյուրանոցի դիմացի վարսավիրանոցի պատուհանից կախված էր ադրբեջանական դրոշ եւ ոչ մի թուրք ոստիկան չի ստիպել հանել այդ դրոշը: Սակայն այդ ամենը քիչ էր Ադրբեջանի համար: Ադրբեջանը կարծես իրական պատերազմ էր ուզում Հայաստանի դեմ: Ու տեսնելով, որ պատերազմ տեղի չունեցավ, սկսեց հակաթուրքական հիստերիան Ադրբեջանում: Ադրբեջանը սկսեց մեղադրել ավագ եղբայր Թուրքիային՝ իր շահերը հաշվի չառնելու համար: Ադրբեջանը կարծես մոռացել է, որ Թուրքիան հանուն Ադրբեջանի 1993 թվականից շրջափակել է Հայաստանը, որի համար այսքան տարիներ ենթարկվում է միջազգային ճնշմանը ու քննադատություններին: Ադրբեջանը կարծես մոռացել է, որ Թուրքիան երկար տարիներ եւ ամեն առիթով ներկայացնում է Ադրբեջանի շահերը: Ադրբեջանը կարծես մոռացել է, որ Թուրքիան արդեն երկար ժամանակ փորձում է ի շահ Ադրբեջանի լուծել Ղարաբաղի խնդիրը` այդ թվում միջազգային տարբեր կառույցներում աջակցելով ադրբեջանական կողմի ներկայացրած ցանկացած հակահայկական փաստաթղթի: Ու այսքանից հետո Ադրբեջանը ավագ եղբորը տվեց իր հետեւյալ պատասխանը: Մինչ Բուրսայի խաղը Բաքվում այրեցին Թուրքիայի նախագահի, վարչապետի եւ արտգործնախարարների նկարները: Այրեցին այն մարդկանց նկարները, ովքեր ամեն առիթով կարեւորում են ադրբեջանական շահը: Իսկ արդեն Բուրսայի խաղից հետո` 1918 թվականին Բաքվի ազատագրման համար պայքարում զոված թուրքերի հիշատակին նվիրված «Նահատակների» ծառուղուց հանեցին թուրքական դրոշները: Թուրքիայում չէին կարողանում ընկալել ադրբեջանական իշխանությունների այս քայը: Իսկ Դավութօղլուն, չհավատալով նման դառը իրողությանը` հապշտապ հայտնեց, որ դրոշները հանվել են վերականգնման նպատակով եւ կրկին կտեղադրվեն: Սակայն դրան հաջորդեց նաեւ Բաքվում թուրքական դեսպանությանը պատկանող կրոնական գործերով զբաղվող գերատեսչության շենքի դիմացից թուրքական դրոշի հանումը: Իսկ ավելի ուշ` երբ պարզ դարձավ, որ դրոշները հանվել են ըստ Ադրբեջանում գործող օրենքի` Դավութօղլուն ստիպված եղավ Բաքվում հայտնել, որ նման օրենք Թուրքիայում էլ կա, սակայն այն չի վերաբերում ադրբեջանական դրոշին եւ ցանկություն հայտնեց, որ Բաքվում նույնպես թուրքական դրոշները չհամարվեն օտար երկրի դրոշներ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նույնպես դրոշների հանումը բավականին տհաճ անակնկալ էր: Էրդողանը, ամեն անգամ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հիշատակում է ադրբեջանական շահը եւ կրկնում, որ Ադրբեջանի շահերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմաններում չեն տուժի: Բաքվում հանված թուրքական դրոշների հետ կապված՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշեց. «Հուսով եմ, որ Ադրբեջանում հասկանում են՝ ինչ է նշանակում հանել թուրքական դրոշները Բաքվի ազատագրման համար զոհված թուրք զինվորների հիշատակին նվիրված վայրից: Կարծում եմ ադրբեջանական ժողովուրդը սրան կանդրադառնա»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ադրբեջանում եղան ուժեր, որոնք իրենց բողոքը հայտնեցին Ադրբեջանում տեղի ունեցող հակաթուրքական արշավին, սակայն նրանց բողոքի ցույցերը արագ ցրվեցին ադրբեջանական ոստիկանության կողմից: Բուրսայի խաղը մտավ պատմության մեջ նաեւ այն հանգամանքով, որ երեւաց Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առումով, եւ թե ինչպես է ինքը վերաբերվում իր համար այդքան բան արած ավագ եղբայր Թուրքիային։
Անդրանիկ Իսպիրյան




























