Հայրենասեր մարդկանց համար բանակը քսաներորդ դարի շահույթն է:  Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Նրա խոսքով, սակայն անթույլատրելի է ունենալ  այնպիսի բանակ, ուր խելագար զինվորներ կլինեն:

«Սպաներ կան, որ իրենց տեղում չեն հայտնվել: Կարող է ինչ-որ գյուղի մի չոբանի տանեն, նշանակեն սպա: Տասնութ տարի երեխայիդ պահում ես, տալիս բանակին, այնտեղ սպանում են: Բանակում պետք է ծառայեն ոչ թե ռոճիկ ստանալու, այլ հայրենիքին ծառայելու համար: Տասնհինգ տարիների ընթացքում  1500 զինվոր է զոհվել բանակում՝ խաղաղ պայմաններում»,- նկատեց Եղիազարյանը:

Եղիազարյանի համոզմամբ, սակայն, ամբողջովին մեղադրել սպաներին եւս ճիշտ չի լինի: «Հնարավոր է, լկտի լակոտ է ծառայում, ուժեղ թիկունք ունի եւ նա ստորացնում է սպային: Սպան, ով կփորձի պատժել այդ զինվորին, ուղղակի աշխատանքից կազատվի»,- նշել է Եղիազարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր «Չենք լռելու» նախաձեռնությունը հաղորդագրություն-տեսանյութ էր տարածել, որում զինվորի հայրը պատմում է իր որդուն բանակում` Ղարաբաղում գտնվող զորամասերից մեկում խոշտանգելու մասին, որի հետեւանքով զինվորը խելագարվել էր: Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել` «Իշխանազանցություն» հոդվածով: