«Աննա» սերիալը շատ լավ գովազդ էր այդ երիտասարդական նախաձեռնության համար, եւ այդ կազմակերպությունը, որի մասին շատերը չէին լսել, միանգամից հայտնվեց մամուլի եւ լրատվական կայքերի թոփ լուրերի մեջ: Սա ընդունենք, որպես «Աննա» սերալի կողմից հումանիտար օգնություն «Չենք լռելու» շարժմանը: Այդ մասին սեպտեմբերի 7-ին` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, մենկաբանելով «Չենք լռելու» շարժման անցկացրած «Աղբ եթերից» մրցանակաբաշխության արդյունքները:

«Ես վստահ էի, որ եթե ցանկացած մրցույթ լինի  հեռուստատեսային սերիալների միջեւ, անկախ բնույթից,  «Աննա» հեռուստասերիալը միշտ առաջին տեղում է լինելու, եւ նույնիսկ եթե սերիալներում խաղացող աղջիկների միջեւ գեղեցկության մրցույթ լինի  վստահ եմ, որ  «Աննա» սերիալից ինչ-որ մեկը կհաղթի»,- ասաց Հարությունյանը:

Նա նաեւ նշեց, որ այդ երիտասարդական շարժումը բավական լավ նախաձեռնություններ է անում  հասարակության համար. «Մի շարք օգտակար նախաձեռնություններով է հանդես եկել շարժումը»:

Նշենք, որ  Facebook սոցիալական ցանցում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից սեպտեմբերի 2-ից 4-ն անցկացված քվեարկության արդյունքների համաձայն, «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:

Նախաձեռնությունը փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկվել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար:

«Չենք լռելու»-ն խնդրում է հեռուստաընկերության ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել այն նպատակային:

«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից: