«Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ղեկավար Լեւոն Գալստյանի աշխատանքից հեռացվելու հավանականություն չկա: Այդ մասին սեպտեմբերի 7-ին` մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, պատասխանելով այն հարցին, թե որքանով է ճիշտ տեղեկատվությունը Լեւոն Գալստյանի հրաժարականի մասին:
«Լեւոն Գալստանն աշխատում է մեզ մոտ` «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի ղեկավարն է, եւ չեմ կարծում` ինչ-որ խնդիրներ կան: Ես մամուլում տեսա այսօր առավոտյան, կփորձեմ հասկանալ, թե ինչ է դա: Լեւոն Գալստյանի հետ ոչ ես, ոչ համակարգում որեւէ մեկը որեւէ խնդիր չունի: Հեռացվելու հավանականություն չկա, ես կփորձեմ դա հասկանալ եւ եթե անհրաժեշտ կլինի ավելի ուշ կասեմ»,- ասաց Հարությունյանը:
Նա նաեւ հավելեց, որ «Երեւան» ստուդիան առանձին միավոր չէ, այլ Հանրային հեռուստաընկերության բաժիններից մեկն է, եւ այնտեղ հիմնականում շատ մեծ աշխատանքներ են կատարվում մեր ֆիլմերը վերկանգնելու եւ թվայնացնելու ուղղությամբ:
Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Հանրային հեռուստաընկերության «Երեւան» հեռուստաֆիլմերի ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանը շուտով կազատվի աշխատանքից։ Նշվում է, որ թեեւ նա շատ լավ հարաբերություններ ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, սակայն խնդիրներ են ծագել այլ պաշտոնատար անձի, թերեւս Հանրայինի տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ, եւ Գալստյանը ստիպված է ազատվել աշխատանքից: Ըստ մամուլի հրապարակումների, Ալիկ Հարությունյանը փորձում է խնդիրը կարգավորել, սակայն, ամենայն հավանականությամբ, Գալստյանին այլ աշխատանք կառաջարկվի, հավանաբար ոլորտում խորհրդականի պաշտոն:




























