Բալթյան եւ եվրոպական մյուս երկրները, վրդովված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանություններից՝ կապված Ռուսաստանի անվտանգության երաշխիքների հետ, պաշտոնապես անհամաձայնություն են հայտնել եւ Փարիզին բացատրել են իրենց դիրքորոշումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դիվանագետներին։

Դեկտեմբերի 3-ին ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Եվրոպան պետք է պատրաստի իր ապագա անվտանգության ճարտարապետությունը եւ նաեւ մտածի այն մասին, թե «ինչպես երաշխիքներ տալ Ռուսաստանին այն օրը, երբ նա վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»։

Այս մեկնաբանությունները անմիջապես մերժվել են Ուկրաինայի եւ Բալթյան երկրների կողմից։ Չնայած Մակրոնը եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը փորձել են մեղմել դրանք, զայրույթը կարծես թե չի մարել որոշակի շրջանակներում:

Չեխիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում, օգնել է դիվանագիտական «դեմարշ» կազմակերպել։

Երկու դիվանագետների խոսքով՝ դեմարշի կողմնակիցներ են եղել Բալթյան երկրները, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, ինչպես նաեւ Լեհաստանն ու Սլովակիան։ Reuters-ը չի կարողացել պարզել, թե ընդհանուր առմամբ քանի երկիր է աջակցել այդ քայլին, կամ արդյոք չեխերն աջակցել են դրան:

Ըստ եվրոպացի երեք դիվանագետների՝ Չեխիան անցյալ շաբաթ դեմարշի նախագիծ է ուղարկել: Դիվանագետներն ասում են, որ փաստաթուղթը հաստատել է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետության հետ կապված Ռուսաստանի նախկին ջանքերը ուղղված են եղել Եվրոպայի պառակտմանն ու թուլացմանը:

Դիվանագետները նշում են, որ ոչ պաշտոնական փաստաթղթում թվարկված են Ռուսաստանի հետ համագործակցության եւ երկխոսության ասպեկտները՝ սկսած 1997 թվականի ՆԱՏՕ-Ռուսաստան փաստաթղթից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի առաջարկները, որոնք ներառում էին Ռուսաստանի պահանջած երաշխիքները:

Երկու դիվանագետներն ասել են, որ չեխերը, անդամ մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ միասին, երկուշաբթի օրը վերջնական դեմարշը ներկայացրել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի տնօրենին:

Ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում Ֆրանսիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Մակրոնի մեկնաբանություններում ոչ մի նոր բան չկա՝ հավելելով, որ դրանք համապատասխանում են նրան, ինչ ասել է Ուկրաինան, այն է, որ պատերազմի ավարտից հետո բանակցություններ կլինեն։

«Իրականում անհամապատասխանություն կա, մի կողմից՝ որոշակի շարժումների կամ մարդկանց, որոնք փորձում են ինչ-որ հատված պոկել կոնտեքստից, եւ մեր կատարած աշխատանքի իրականության միջեւ»,- ասել է պաշտոնյան։