Կենտրոնական բանկը 2022 թվականի համար 12.9% տնտեսական աճ է կանխատեսում։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նրա խոսքով` ԿԲ–ն թեև չի վերանայել նախկինում կանխատեսված աճի ընդհանուր թիվը, բայց որոշ փոփոխություններ է կատարել տնտեսական աճի կառուցվածքում` կախված ՀՀ և համաշխարհային տնտեսական միտումներից։

«Օրինակ` որոշ չափով ավելի ցածր ենք կանխատեսում ծառայությունների ոլորտի աճը` նախկին 19.4–ի փոխարեն` 18.8։ Բայց ավելի բարձր ենք կանխատեսում շինարարության աճը` 14.1-ի փոխարեն` 20.1»,– ասաց Գալստյանը։

ԿԲ–ն բարձրացրել է նաև արդյունաբերության ոլորտի աճը` կանխատեսվող 3.2-ից դարձնելով 5.5 տոկոս։ Իսկ գյուղատնտեսության ոլորտում` հակառակը` կանխատեսվող 3.2 տոկոսանոց աճը փոխարինվել է 0.7 տոկոսանոց անկմամբ։

ԿԲ նախագահի խոսքով, իրենց կանխատեսմամբ` գնաճը Հայաստանում աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կիսամյակում կլինի 4-4.5 տոկոսի միջակայքում։