Ադրբեջանի Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը ունի պոտենցիալ եւ ԱՄՆ-ը կքննարկի նրա օգտագործումը, որպես հակահրթիռային վահանի մի մաս: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստայնբերգը: «Քանի որ մենք մտածում ենք տարբեր հնարավորությունների մասին, ապա Գաբալայի ռադիոլոկացիոն կայանն, իհարկե, ունի պոտենցիալ: Մենք մտադիր ենք քննարկել այդ հնարավորությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ստայնբերգը, ով երկօրյա այցով գտնվում է Բաքվում:
Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը գիտակցում է, որ Գաբալայի կայանի օգտագործումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի ղեկավարության հետ եւ որ երեկ ինքը նման հնարավորություն ունեցել է: Ստայնբերգի խոսքով, երկուշաբթի օրը Մոսկվայում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները լայնամասշտաբ քննարկումներ են անցկացրել հակահրթիռային պաշտպանության հարցում հնարավոր համագործակցության վերաբերյալ:
«Իհարկե, մեր ռուս գործընկերների հետ հնարավոր համագործակցության տեսակետից մենք դեռ գտնվում ենք նախնական փուլում: Բայց ԱՄՆ նախագահը հստակ հասկացնել է տվել, որ մեզ համար առաջնահերթությունը համագործակցության վերջնական ուղիների որոնումն է եւ Գաբալայի կայանը կարող է լինել այդ քննարկումների մի մասը»,- ասել է ամերիկացի դիվանագետը:



























