Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարության դեպքի հետ կապված հարցաքննվել է Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին: Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ գործով երեք երիտասարդ է հարցաքննվել, որոնցից մեկն էլ Սերգեյ Ամիրաղյան է: Նրա խոսքով` կալանավորվածներ եւ ձերբակալվածներ չկան: Արմեն Մալխասյանը չհայտնեց, թե այդ երեք երիտասարդները գործում ինչ կարգավիճակով են հանդես գալիս, միայն նշեց, որ այդ գործով ձերբակալվածներ ու կալանավորվածներ չկան:
Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, թե գործով տուժող աղջիկը հայտարարել է, որ իրեն չեն բռնաբարել, Մալխասյանը նշեց, որ «ոչին չ չի կարող ասել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարության դեպք է գրանցվել:
Սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (Բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Ընթանում է նախաքննություն: «Հետքի» տեղեկություններով, 17-ամյա Լ.Ն.-ին բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին:
Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանն ասել էր, որ այս պահի դրությամբ բռնության հետքեր չկան եւ պետք է սպասել, թե փորձաքննությունների եզրակացությունները ոնց կլինեն: Քննիչ Նասիբյանը հաստատել էր, որ երիտասրադներից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է, մյուսը` ոստիկանի որդի, հավելելով, որ այդ փաստն իր գործողությունները բացարձակ չի կաշկանդում: «Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ: Ճիշտը, ճիշտը, ճիշտը»,- ասել էր նա:



























