«Հրապարակ» թերթի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ թերթի կողմից հրապարակումներով հանդես գալն արգելելը որեւէ իրավական հիմք չունի, դա «Զանգվածային լրատվության միջոցների մասին» օրենքի, ինչպես նաեւ Սահմանադրության խախտում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նշենք, որ նախորդ օրը «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն էր այցելել դատական ակտերի հարկադիր կատարողն ու տեղեկացրել, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` 3 մլն դրամի արգելանք է դրվել իրենց գույքի նկատմամբ:
Թերթի խմբագիր Արմինե Օգհանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենք որեւէ հայցադիմում եւ դատավորի որոշում չեն ստացել: Խմբագիրը ենթադրում է, որ դատարան դիմողը Հայաստանի դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն է, ում հայցի հիման վրա էլ նման որոշում են կայացրել: Վերջերս թերթը հրապարակել էր դատական դեպարտամենտի աշխատակիցների նամակը, որտեղ նրանք բողոքում էին աշխատակազմի ղեկավար Միսակ Մարտիրոսյանից:
«Գույքի վրա արգելք կարող է դրվել, իսկ ինչ վերաբերում է խմբագրության կողմից թեմայի լուսաբանմանը, դա դատարանի կողմից ակնհայտ միջամտություն է խմբագրության գործունեությանը: Այս միջադեպը հերթական փորձն է հաշվեհարադար տեսնելու թերթի հետ: Չգիտես ինչու պաշտոնյանները գերադասում են չօգտվել իրենց այլ իրավունքից` պատասխանի, հերքման իրավունքից, միանգամից ֆինանսական ճնշման, նաեւ իրավական մեխանիզմներ են կիրառում»,- նշեց Աշոտ Մելիքյանը:
Հարցին, թե եթե «Հրապարակն» անդրադառնա այդ թեմային, ի՞նչ պետք է անի դատարանը, Աշոտ Մելիքյանը նշեց, որ դա կարող է դիտվել դատական վճռի դեմ քայլ եւ նոր պատժամիջոցներ կիրառվեն: «Կարծում եմ` սա այն իրավիճակն է, երբ լրագրողական հանրությունը պետք է իր մոտեցումը ցուցաբերի եւ սատարի իր կոլեգաներին»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով` այս միջադեպը 2010թ լրատվամիջոցների դեմ սկսված արշավի շարունակությունն է, երբ տարբեր լրատվամիջոցների դեմ դատական հայցերի շքերթ էր:
«Սա թաքնված գրաքննություն է: Պետական ատյանները պետք է հասկանան, որ այս արշավը, նամանավանդ` ընտրություններից առաջ, պատիվ չի բերում իրենց»,- նշեց «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի նախագահը:
Ի դեպ, հայկական մեդիադաշտում նմանատիպ մեկ նախադեպ գրանցվել է Հայկ Բաբուխանյան եւ report.am-ի վեճի ժամանակ, բայց այստեղ մեկ այլ խնդիր կար` հայցվորի պատիվն ու արժանապատվությունը: Դատարանը այդ ժամանակ արգելել էր անդրադառնալ այդ վեճին:



























