Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգային հանձնաժողովը ողջունում է Հայաստանում կառուցողական ազդակներն ու հետագա ժողովրդավարական զարգացման կոչ անում:
«Հայաստանում հայտարարված վերջին համաներումը, 2008 թվականի մարտին զոհված 10 քաղաքացիների մահվան հանգամանքները նորովի հետաքննելու ազդակը եւ ընդդիմության ու իշխանական կոալիցիայի կառուցողական երկխոսության փաստը նշանակում է, որ 2008 թվականի մարտյան իրադարձությունների էջը կարող է վերջապես համարել փակված»,- ասված է ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի երեկ ընդունած բանաձեւի նախագծում, որը Փարիզում կայացած նիստում ներկայացրել են Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն Ջոն Պրեսկոտը:
Բանաձեւի նախագծում հանձնաժողովը ողջունել է քաղաքական կամքը, որ ցուցաբերել են «իշխանություններն ու գրեթե բոլոր քաղաքական ուժերը այդ հարցի լուծման համար` Եվրոպայի Խորհրդի չափորոշիչների եւ խորհրդատվությունների համաձայն»:
Հանձնաժողովի տվյալներով, 2008թ. իրադարձություններն ու դրանց հետեւանքները հստակ գերակայություններ դրեցին երկրի զարգացման համար. «իրական ժողովրդավարական ընտրությունների անցկացում, հուսալի ժողովրդավարական եւ բազմակարծ քաղաքական միջավայրի ստեղծում, որը կօգտվի հայկական հասարակության լիակատար վստահությունից, բաց եւ բազմակարծ լրատվական միջավայրի ստեղծում, ոստիկանության եւ դատական համակարգերի բարեփոխումներ, որպեսզի ապահովեն անկախությունը ինչպես օրենսդրորեն, այնպես էլ պրակտիկայում»:
Խորհրդարանականները ողջունում են Վեհաժողովի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ «սերտ եւ կառուցողական համագործակցությունը»:
Հայտարարության մեջ ասվում է, որ բանաձեւի տեքստը քննարկվելու է Ստրասբուրգում կայանալիք լիագումար նիստում հոկտեմբերի 3-ից 7-ը:




























