Իրավասություն չունենալով միջամտելու քննության ընթացքում գտնվող դատական գործերին` այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր խորին մտահոգությունն է հայտնում խոսքի եւ մամուլի ազատության իրացման ցանկացած վտանգի եւ այդ ոլորտում օրենսդրության ոչ պատշաճ կիրառման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ:

ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օմբուդսմենը մասնավորապես` կոչ է անում բոլոր պետական մարմիններին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք արգելակում են արտահայտվելու  ազատությունն ու  տեղեկատվության ազատ հոսքը մեր հասարակությունում` փաստացիորեն հանգեցնելով գրաքննության մշակույթի ձեւավորմանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում եւ նախադեպային սկզբունք է սահմանել հրապարակման նախնական արգելքների վերաբերյալ, այն է` հատկապես մամուլի պարագայում, նույնիսկ շատ կարճ ժամանակահատվածով հրապարակումն ուշացնելը կարող է արժեզրկել տեղեկատվությունը եւ այն դարձնել անհետաքրքիր /«Օբզերվերը եւ Գարդիանն» ընդեմ Միացյալ Թագավորության գործով»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ: