Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի տարածած այն տեղեկությունը, թե Երեւանի Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջանների մանկապարտեզներում անցկացված մոնիտորինգի ժամանակ մազ թողնող եւ ժամկետանց խաղալիքներ են հայտնաբերվել, իրականությանը չի համապատասխանում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեցին ինչպես Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Արթուր Գեւորգյանը, այնպես էլ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանը։
Ինչպես նշեց Արթուր Գեւորգյանը, ոչ մի կազմակերպություն կամ անձ վերջին ժամանակներս մոնիտորինգ, նույնիսկ ստուգայց չի կատարել Դավիթաշեն վարչական շրջանի մանկապարտեզներ։ «Դեզի մեջ ասե՞ղ ենք փնտրում։ Հնարավոր է՝ երեխայիդ համար ամենաորակյալ խաղալիքը գնես, բայց այն որոշ ժամանակ անց մազմզուկներ թողնի։ Դա ինչ-որ արատավոր երեւույթ չէ»,- նկատեց նա՝ կրկին շեշտելով, որ մոնիտորինգներ իրենց վարչական շրջանների մանկապարտեզներում չեն անցկացվել։
Նրա խոսքով, մանկապարտեզի խումբ մուտք գործել այնքան էլ հեշտ գործընթաց չէ։ «Ոչ մի քաղաքացի, առանց մեր թույլտվության, չի կարող մտնել նախակրթարան, իսկ մոնիտորինգ անցկացնելու մասին մեզ ոչ ոք տեղյակ չի պահել»,- նկատեց Արթուր Գեւորգյանը։
Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարը նաեւ հավաստիացրեց, որ տարվա սկզբին խաղալիքներ ձեռք բերելու մրցույթ է հայտարարվում, որի ժամանակ պարտադիր պայման է դրվում, որպեսզի հաղթող ընկերությունը բացառապես որակյալ ապրանք տրամադրի մանկապարտեզներին։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Գայանե Օհանյանն իր հերթին տեղեկացրեց, որ վարչական շրջանի բոլոր 20 մանկապարտեզների տնօրենները հատուկ հրավիրված ժողովի ժամանակ հավաստել են, որ իրենց մոտ ոչ ոք, այդ թվում՝ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ու նրա աշխատակիցները, խաղալիքների որակի մոնիտորինգ վերջին ժամանակներս չեն անցկացրել։
Ինքը՝ Արմեն Պողոսյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, ըստ էության, նշեց, որ մոնիտորինգ վերոնշյալ երկու վարչական շրջանների նախակրթարաններում չի եղել՝ այս կերպ հակասելով նախօրեին ասուլիսի ժամանակ արած իր հայտարարությանը։
«Մենք մի հեռուստաընկերության նկարահանող խմբի հետ մանկապարտեզներ գնացել էինք բոլորովին ուրիշ՝ սնունդի որակը ստուգելու հարցով։ Ես սեփական նախաձեռնությամբ ուշադրություն դարձրել եմ նաեւ խաղալիքներին։ Սպառողների միությունը զուգահեռ իր մոնիտորինգն է արել, ի՞նչ պարտադիր է, որ այդ մասին նրանք իմանային»,- ասաց Պողոսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Դավիթաշեն վարչական շրջաններում անցկացված մոնիտորինգը ցույց է տվել, որ երեխաները խաղում են խաղալիքներով, որոնք մազ են թողնում եւ հնարավոր է` ժամկետանց են:


























