Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր` սեպտեմբերի 10-ին նշում է Սուրբ Շուշանիկի  հիշատակի օրը, հայտնում է վրացական Պիրվելի գործակալությունը։

Շուշանիկը (440-475 թթ.), ով վրաց եկեղեցու պաշտելի սրբուհին է, եղել է  Հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրը եւ Գուգարաց Վարսկեն բդեշխի կինը:

Քաղաքական նկատառումներից ելնելով, նրա ամուսինը` Վարսկենը, մերժում է քրիստոնեական հավատը` ընդունելով զրադաշտականություն։ Շուշանիկը հրաժարվում է կիսել ամուսնու հավատուրացությունը, ինչը հանգեցնում է նրան, որ ամուսինը նրան բանտարկում է եւ ենթարկելով տանջանքների փորձում է մղել նրան քրիստոնեությունից հրաժարման։

Սակայն Շուշանիկը մնում է անդրդվելի, նրա կրած չարչարանքները շարունակվում են 7 տարի, մինչեւ  նրա մահը։

Վրաց ուղղափառ եկեղեցին սրբացրել է Շուշանիկին եւ ամեն տարի սեպտեմբերի 10-ին նշում է Սուրբ Շուշանիկի հիշատակի օրը։