Բուլղարիան երեքշաբթի հասանելիություն է ստացել Թուրքիայի տերմինալներին եւ գազափոխադրման ցանցի նկատմամբ՝ երկարաժամկետ գործարքի շրջանակում, որը կօգնի երկրին փոխարինել Ռուսաստանի կողմից ավելի վաղ իրականացվող մատակարարումները, հաղորդում է AP-ը։ Բուլղարական «Բուլգարգազ» պետական գազային ընկերությունը եւ թուրքական Botas գազատրանսպորտային ընկերությունը ստորագրել են 13-ամյա համաձայնագիր, որը Բուլղարիային հնարավորություն է տալիս մուտք գործել Թուրքիայի հեղուկացված բնական գազի տերմինալներ:
Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ռոզեն Խրիստովի խոսքով՝ համաձայնագիրը լուծում է Բուլղարիայում հեղուկացված բնական գազի բեռնաթափման համար բավարար ենթակառուցվածքների բացակայության խնդիրը: Բուլղարիան, որը մինչեւ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելը գրեթե ամբողջությամբ կախված էր ռուսական գազից, փնտրում է գազի այլընտրանքային մատակարարումներ ողջամիտ գներով այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց մատակարարումները ապրիլին, քանի որ Սոֆիան հրաժարվել էր վճարել ռուբլով։





























