ԱՄՆ-ն պլանավորում է ամսական մինչեւ 30 հազար միգրանտ ընդունել Կուբայից, Նիկարագուայից, Հայիթիից եւ Վենեսուելայից նոր ծրագրի շրջանակներում, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան եւ մեքսիկական պաշտոնական աղբյուրները:
Ընդլայնված մարդասիրական ծրագիրը հիմնված կլինի հոկտեմբերին սկսված քաղաքականության վրա, որը թույլ է տվել հազարավոր վենեսուելացիների մուտք գործել երկիր օդային ճանապարհով, եթե նրանք դիմեն արտերկրից եւ կարողանան ապացուցել, որ ունեն ամերիկյան հովանավոր, չորեքշաբթի օրը հայտնել են երկու ամերիկացի եւ մեկ մեքսիկացի պաշտոնյա:
Պլանավորվող ծրագրի մասին մանրամասները հայտնվել են այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է ելույթ ունենալ սահմանների անվտանգության թեմայով եւ մտադիր է հաջորդ շաբաթ այցելել ամերիկա-մեքսիկական սահման:
Գործակալության աղբյուրները ակնկալում էին, որ նոր քաղաքականությունը կգործարկվի հինգշաբթի, բայց այդ տեղեկատվությունը դեռ պահանջում է պաշտոնական հաստատում:
Չորեքշաբթի օրը Կենտուկի կատարած այցից հետո Բայդենը Սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ ցանկանում է սահմանին տեսնել «խաղաղություն եւ անվտանգություն»: Ավելի վաղ նա հայտնել է, որ մտադիր է այցելել հարավ-արեւմտյան սահման, սակայն մանրամասները դեռ ճշտվում են:
«Ես պատրաստվում եմ տեսնել, թե ինչ է կատարվում»,-ասել է Բայդենը։
Բայդենը, որը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի հունվարին, ստիպված է պայքարել ռեկորդային թվով միգրանտների դեմ, որոնք բռնվել են մեքսիկա-ամերիկյան սահմանը հատելիս, եւ ակնկալվում է, որ միգրացիայի հարցը կլինի այս հանդիպման օրակարգում:
Անցյալ շաբաթ Reuters-ը հաղորդել է, որ Բայդենի վարչակազմը նախատեսում է օգտագործել համավարակի ժամանակի սահմանափակումները՝ հարավ-արեւմտյան սահմանին բռնված կուբացի, նիկարագուացի եւ Հայիթիի միգրանտներից շատերին Մեքսիկա արտաքսելու համար՝ միաժամանակ թույլ տալով, որ նրանցից ոմանք մարդասիրական նկատառումներով օդով մուտք գործեն ԱՄՆ:




























