«Խոսքի իրավունք» միավորումը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին առաջարկում է գրանցվել Facebook սոցիալական ցանցում, «որպեսզի հեշտանա շփումը բնակչության հետ»:

Միավորման հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մեր օրերում Facebook ցանցը չի ընկալվում որպես ժամանցի միջոց: Այն ունի մեծ սոցիալական նշանակություն, եւ այստեղ մարդիկ արտահայտում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Ոմանց համար այն դառնում է իրենց կարծիքը հայտնելու հարթակ: Այսօր այս սոցիալական ցանցում տարբեր չինովնիկներ եւ հասարակական գործիչներ իրենց էջն են բացում, որպեսզի ավելի մոտ լինեն լայն զանգվածներին: Թեպետ հաճախ դա արվում է միայն PR-ի համար, եւ բազմաթիվ համաքաղաքացիներ այդպես էլ մնում են անպատասխան:

Անյնուամենայնիվ, քանի որ այդ էջերը ունենում են մեծ քանակի այցելուներ, մարդիկ գտնում են համախոհներ, եւ երբեմն հասնում են ինչ-որ արդյունքի, եւ հասարակական ընդվզման ներքո սայլը տեղից շարժվում է:

Այսօր մեր պետական ինստիտուտներից քաղաքացիների մեծ հատվածի ընկալումով, մարդուն ավելի մոտ պետք է լինի օմբուդսմենի ինստիտուտը: Ամեն քայլափոխի խախտվում են հասարակ առեւտրականներիի, թոշակառուների, զինվորների, եւ այլոց իրավունքները: Մարդիկ մնում են YouTube-ների եւ ՀԿ-ների հույսին:

Որպեսզի պետական հոգածությունը քաղաքացին զգա ամեն վարկյան, կարեւոր է նրա կապը հատկապես Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս ամենը հաշվի առնելով, ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին  «Խոսքի իրավունք» միավորումը առաջարկում է գրանցվել ֆեյսբուք սոցիալական ցանց, որպեսզի հեշտանա շփումը բնակչության հետ եւ երկու կողմերն էլ խնայեն իրենց ժամանակը»: