Հայաստանի Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է «Երեւանի մամուլի ակումբի» փորձագետ Մեսրոպ Հարությունյանի նամակին, որտեղ վերջինս նշում է, որ «Հրապարակ» թերթի դեմ հարուցված քրգործի շրջանակներում դատավորի կայացրած որոշումը` թերթին արգելել հանդես գալ դատավարության մասին հրապարակումներով, խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է:

Ստորեւ NEWS.am-ը ներկայացնում է Արդարադատության նախարարության պատասխանը.«Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր նամակի` Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի՝ Միսակ Մարտիրոսյանի հայցով ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի գործով հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ կայացված որոշման իրավաչափության հետ կապված,  հայտնում ենք, որ գործը դեռեւս գտնվում է դատական քննության փուլում:  Ժողովրդավարական պետության մեջ խոսքի ազատության կարեւորությունը բարձր գնահատելով հանդերձ, Ձեր բարձրացրած խնդիրը առնչվում է դատավորի անկախության, ինքնուրույնության եւ արդարադատություն իրականացնելիս դատավորի գործունեությանը միջամտելու անթույլատրելիության ոչ պակաս արժեքավոր հանրաճանաչ սկզբունքներին: Վերջիններիս հաշվառմամբ, գործի դատական քննության այս փուլում դատավորի գործողություններին հրապարակային գնահատական տալը, այդ թվում՝ կարգապահական վարույթ հարուցելու օրենսդրությամբ ՀՀ արդարադատության նախարարին վերապահված լիազորությունից օգտվելը, կարող է խաթարել դատավորի անկախության եւ գործի քննության ժամանակ ինքնուրույն, գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ առաջնորդվելու սկզբունքների իմաստը: Այս փուլում, գործին մասնակցող անձինք, թերեւս, պետք է օգտվեն հայցի ապահովման միջոցը վերացնելու դատավարական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերից»:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր Մեսրոպ Հարությունյանի նամակը, որում, մասնավորապես ասվում է. «Պարոն նախարար, իբրեւ հայցի ապահովման միջոց գույքի վրա կալանք դնելը դեռ ինչ-որ տեղ կարելի հասկանալ, սակայն հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է: Համեստ փորձագետիս կարծիքով Դատավորն այդ որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Խոսքի ազատությունը ամրագրված է Սահմանադրության 27-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից:Իր որոշմամբ դատավորը միանգամից երկու ապօրինություն է թույլ տվել. ա) Լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ կիրառել է տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանք, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ է բ) ըստ էության գրաքննություն է նախատեսել թերթի նկատմամբ, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ է:

Կարծում եմ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արաժանանա խիստ դատապարտման, եւ ձեր կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսի այն վերացվի ու այլեւս երբեք եւ որեւէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաներիի շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի»: