Մոնղոլիայի մեծ պետական խուրալը (խորհրդարանը) կողմ է քվեարկել Մոնղոլիայի կայսրության հնագույն մայրաքաղաք Կարակորում քաղաքը վերականգնելու որոշմանը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

Որոշմանը կողմ է եղել պատգամավորների մեծամասնությունը։ Հնագույն մայրաքաղաքը վերականգնելու նախաձեռնությամբ դեկտեմբերին հանդես է եկել Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը։

Երկրի իշխանությունները նախատեսում են մշակել քաղաքի զարգացման ծրագիր։

Կարակորումը Մոնղոլական կայսրության մայրաքաղաքն է եղել 1235-1260 թվականներին նրա ծաղկման դարաշրջանում, երբ նրա կազմում էին տարածքներ՝ Ճապոնական ծովից մինչեւ Արեւելյան Եվրոպա: Ներկայումս քաղաքի տեղում գտնվում է Կարակորումի պատմության թանգարանը, որը բացվել է 2011 թվականին։ Քաղաքը շրջապատող Օրխոն գետի հովտի մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մշակութային օբյեկտ է։