Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին ներկա է եղել Աստրախանի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի «Մարտական ընկերակցություն-2011» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժության ակտիվ փուլին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության և ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները: Համատեղ զորավարժության ընթացքում Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հաշվարկը կատարել է ոչ միայն հակաօդային պաշտպանության, այլեւ հակահրթիռային խնդիրներ եւ խոցել բոլոր թիրախները` ցուցաբերելով 100 տոկոս արդյունավետություն: 

Զորավարժության ակտիվ փուլին մասնակցել են նաեւ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Տաջիկստանի պաշտպանության նախարարները: Միջոցառմանը դիտորդի կարգավիճակով մասնակցել են Հնդկաստանի, Սիրիայի, Ալժիրի, Մալազիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին վերադարձել է Հայաստան: