Լաչինի միջանցքի շրջափակման յուրաքանչյուր նոր օր ուժեղացնում է հակառուսական տրամադրությունները Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում։ Հունվարի 17-ին քննարկման ժամանակ այս մասին ասաց մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։

Նա հավելեց, որ Արեւմուտքը ցանկանում է կա՛մ երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի համար, կա՛մ հասնել ռուսական ռազմական ներկայության դուրսբերմանը Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից։

Ըստ փորձագետի՝ միտումնավոր քայլեր չեն ձեռնարկվում միջանցքի ապաշրջափակման համար։ «Իշխանություններն ավելի շատ թուրքամետ եւ հակառուսական քարոզչություն են իրականացնում, քան Ադրբեջանի դեմ։ Հայաստանի իշխանությունները խոսում են երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման մասին։ Ո՞ր երկրների: Իրանի՞, Վրաստանի՞, թե Ռուսաստանի՞։ Այս երկրների քաղաքացիները առանց այդ էլ կարող են անարգել մուտք գործել Հայաստան։ Խոսքը Ադրբեջանի՞ քաղաքացիների մասին է»,- հարցեր հնչեցրեց Քոչարյանը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահ Ալիեւն ու վարչապետ Փաշինյանը նույն օրը հարցազրույց տվեցին (խոսքը հավանաբար Փաշինյանի ասուլիսի մասին է- խմբ.)՝ վստահություն հայտնելով, որ նման պատահականություններ չեն լինում։ «Այս անգամ Փաշինյանն ուզում էր ցույց տալ, որ իրավիճակն իր վերահսկողության տակ է։Նույն ոճով ասուլիս տվեց նաեւ Ալիեւը։ Բացի այդ, մի ասուլիսը բովանդակությամբ լրացնում էր մյուսին։ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները նույն ուղու վրա են, եւ նման երեւույթները նկատվում են 2018 թվականից»,- վստահեցրեց փորձագետը։

 Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները իմիտացիոն բնույթ են կրում՝ բացատրելով, որ բանակը նույնիսկ թուլացած վիճակում չի օգտագործում այն ​​զենքը, որն ունի։ «Ընդ որում Ալիեւը շարունակում է սպառնալ, իսկ Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել խաղաղության օրակարգի մասին»,- նշեց Քոչարյանը։

Հայաստանում ցանկացած քաղաքական օրակարգ, որում չկա  իշխանափոխության եւ Փաշինյանի հրաժարականի հարցը, նա կեղծ  անվանեց։