Բուլղարիան մտադիր է «վերակենդանացնել» անդրբալկանյան նավթամուղի նախագիծը, որպեսզի ապահովի ոչ ռուսական հում նավթի մատակարարումը Սեւ ծովում իր միակ նավթավերամշակման գործարանի համար, որը վերահսկվում է ռուսական "Լուկօյլ"ընկերության կողմից: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը։

Սոֆիան բանակցություններ է վարում Աթենքի հետ 300 կիլոմետրանոց նավթամուղի կառուցման շուրջ՝ Էգեյան ծովի հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգստից բուլղարական սեւծովյան Բուրգաս նավահանգիստ հում նավթ տեղափոխելու համար, ասել է Ռադեւը։ Բուլղարիան երկամյա բացառություն է ստացել Ուկրաինայի պատերազմի հետ կապված ռուսական նավթի ներկրման Եվրոպական միության արգելքից։

Այնուամենայնիվ, երկիրը պետք է ապահովի բավարար քանակությամբ ոչ ռուսական նավթ, որպեսզի շարունակի օրական 196 000 բարել հզորությամբ սեւծովյան նավթավերամշակման գործարանի աշխատանքը մինչեւ 2024թ․ ժամկետի ավարտը: Նավթավերամշակման գործարանն ապահովում է վառելիքի ավելի քան 75 տոկոսը տեղական շուկայի համար։

2011-ին Բուլղարիան հրաժարվել է նավթատարի նախագծից, որն այն ժամանակ նպատակ ուներ տարեկան մինչեւ 50 միլիոն տոննա ռուսական նավթ մղել իր տարածքով Հունաստան՝ տնտեսական եւ բնապահպանական նկատառումներով։ Դրա մոտավոր արժեքն այն ժամանակ կազմում էր 1 միլիարդ եվրո։

Սեւ ծովում բուլղարական նավթավերամշակման գործարանին ոչ ռուսական նավթի մատակարարումները կարող են բարդությունների բախվել Բոսֆորի նեղուցի գերբեռնվածության պատճառով, ինչը Հունաստանի հետ նավթատարի նախագիծը դարձնում է գրավիչ եւ ավելի ծախսարդյունավետ տարբերակ, ասում են պաշտոնյաները:

Բուլղարիայի էներգետիկայի նախարար Ռոսեն Խրիստովը հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Հունաստանի հետ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր, որպեսզի երկու երկրները կարողանան սկսել խողովակաշարի նախագծի ուղղությամբ աշխատանքը։