Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ինչպես նաեւ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացում. տարեկան հաշվետվություն 2022 թ.» զեկույցում (CFSP):

Փաստաթղթում նշվում է, որ Եվրախորհրդարանը ողջունում է Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ-ի ներգրավվածության ընդլայնումը, մասնավորապես, ԵՄ դիտորդական առաքելության արագ ուղարկումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահման՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու նպատակով՝ նպաստելու խաղաղության եւ անվտանգության վերականգնմանը: Նշվում է «տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցման կարեւորությունը՝ ուժեղացնելով ԵՄ ներկայությունը», ինչի կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրոպական խորհրդին ընդլայնել տեղակայված փորձագետների թիվը եւ մեծացնել առաքելության ներուժը։

Բացի այդ, Եվրախորհրդարանը.

«Խստորեն դատապարտում է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքում, որը հրադադարի ռեժիմի խախտում է եւ ունի լուրջ հետեւանքներ խաղաղ գործընթացի վրա։ Ինչպես նաեւ մտահոգված է ենթադրյալ ռազմական հանցագործությունների եւ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ։ Վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի եւ ընդգծում է ԵՄ պատրաստակամության ավելի ակտիվ գործունեությունը՝ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները լուծելու համար. ուստի կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ հետ քաշվել Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց վերահսկողության տակ գտնվող ռազմագերիներին։

Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, քանի որ այն սպառնում է կանխամտածված հումանիտար ճգնաժամ հրահրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար։

Պահանջում է Ադրբեջանի իշխանություններից անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը,

Հիշեցնում է, որ միայն դիվանագիտական ​​միջոցները արդար եւ տեւական պատասխան կտան հակամարտությանը, որը օգուտ կբերի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին,

Համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, սակայն անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի Տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման վերաբերյալ 2009 թվականին ամրագրված հիմնական սկզբունքներին,

Աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությանը` հրավիրելու եւ միջնորդելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ Բրյուսելում երկկողմ հանդիպումներ եւ խրախուսում է ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը տեղում,

Կարծում է, որ ԵՄ-ն կարող է ազնիվ միջնորդի դեր խաղալ՝ կանխելու հետագա էսկալացիան եւ հասնելու կայուն խաղաղության,

Կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին՝ լիարժեք մասնակցել համապարփակ խաղաղության պայմանագրի մշակմանը,

Կրկնում է, որ նման համաձայնագիրը պետք է հաշվի առնի հակամարտության բոլոր հիմնական պատճառները, ներառյալ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, տեղահանվածների եւ փախստականների վերադարձը իրենց տները՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո,

Կոչ է անում ամբողջությամբ իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ ընդգծում է ԵՄ-Ադրբեջան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը,

Պնդում է, որ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացում պետք է շարունակի կախված լինել մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ հիմնարար ազատությունների նկատմամբ երկրի զգալի առաջընթացից։