Ղազախական «Ակ ժոլ» (Լուսավոր ուղի) կուսակցությունը որոշում է ընդունել իր կազմից հեռացնել կուսակցության փոխնախագահ, խորհրդարանի մաժիլիսի (ստորին պալատ) պատգամավոր Ազամատ Աբիլդաեւին, քանի որ նա հրապարակայնորեն պաշտպանել է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում, տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը։
Աբիլդաեւը լրատվամիջոցներին տված հարցազրույցում աջակցություն է հայտնել Ռուսաստանի գործողություններին՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացման մասով, ինչպես նաեւ նացիստական է անվանել ուկրաինական վարչակարգը։
Ինչպես տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը, Աբիլդաեւի խոսքերը հինգշաբթի օրը քննարկվել են «Ակ ժոլի» ազգային խորհրդի պլենումի նիստում, դրանց «քաղաքական գնահատական» է տրվել։
«Աբիլդաեւի խոսքերը հակասում են «Ակ ժոլ» կուսակցության դիրքորոշմանը, ինչպես նաեւ խախտում են թե՛ կուսակցական, թե՛ պատգամավորական էթիկան... «Ակ ժոլ» կուսակցությունը միշտ հարգելու եւ աջակցելու է մեր հանրապետության եւ բարեկամական այլ պետությունների անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»,- նշվել է հաղորդագրությունում։
Այս առնչությամբ նիստում ընդունվել են որոշումներ Աբիլդաեւին «Ակ ժոլ» կուսակցությունից հեռացնելու, ինչպես նաեւ նրան պատգամավորական մանդատից զրկելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողով նամակ ուղարկելու մասին։





























