Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի հետեւանքով զոհվել է կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը։
Նա Վանաձորից էր, սովորում էր Եվրոպական համալսարանում։ Ուներ մեկ քույր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արամի ընկերը։
«Արամը շատ հանգիստ, համեստ տղա էր, դպրոցի սիրված աշակերտներից մեկը, շատ լավ էր սովորում։ Նրա զորացրվելուն մնացել էր 25 օր»,- մեզ հետ զրույցում պատմեցին Վանաձորի թիվ 27 հիմնական դպրոցից, որտեղ սովորել էր Արամը։
Ուշագրավ է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Արամը ֆեյսբուքյան գրառում էր արել «վաղվա» մասին.
«Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։
Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած...
Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ...
Պիտի վախենանք ` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։
Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարեւորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք...
երեւի...
Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին...»,- գրել էր Արամը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։





























