Չեխիայի նախկին վարչապետ, միլիարդատեր եւ նախագահի թեկնածու Անդրեյ Բաբիշը հայտարարել է, որ մարտական փամփուշտով եւ սպառնալիքներով նամակ է ստացել։ Այս մասին նա հայտնել է մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես լրագրողներին ասել է Բաբիշը, հունվարի 21-ի առավոտյան թիկնապահները նրան ծրար են հանձնել, որը հասցեագրված է եղել կնոջը՝ Մոնիկային։ Դրանում, նրա խոսքով, եղել է մարտական փամփուշտ եւ անանուն հաղորդագրություն՝ սպառնալիքներով։
Նա նշել է, որ այս իրավիճակը նախագահի թեկնածուի եւ նրա ընտանիքի անդամների ահաբեկում է, նման բան չպետք է տեղի ունենա ազատ հասարակության մեջ։
Ծրարը ստանալուց անմիջապես հետո Բաբիշն այդ մասին հայտնել է ոստիկանություն, որն, ինչպես նա է ընդգծել, արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։
Հունվարի 14-ին հայտնի է դարձել, որ Անդրեյ Բաբիշը եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պետր Պավելը Չեխիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել։
Քանի որ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ձայների 50%-ից ավելի հավաքել, նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունվարի 27-ին եւ 28-ին։





























