Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնը Twitter-ում հայտնել է, թե ակնկալում է, որ Թուրքիայի հետ անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի այն բանից հետո, երբ Անկարան չեղարկել է նրա այցը երկիր։
«Երեկ ես հանդիպեցի իմ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Գերմանիայի Ռամշտեյն քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայում»,- գրել է նախարարը։
Նախարարի խոսքով, Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Շվեդիայի համար, որը «անհամբեր սպասում է» անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նրա հետ երկխոսության շարունակմանը։
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր Յոնսոնի հունվարի 27-ին նշանակված այցը չեղարկելու մասին՝ այն անվանելով անիմաստ։ Բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։ Այցը չեղարկելու որոշումը թուրքական իշխանությունները կայացրել են Ստոկհոլմում հանրահավաքների ֆոնին՝ մեկ շաբաթ առաջ ցուցարարները քաղաքապետարանի մոտ հրապարակում կախել էին նախագահ Թայիփ Էրդողանի խրտվիլակը։ Բացի այդ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինն ասել է, որ Շվեդիայի իշխանությունները գործում են ինչպես «ժամանակակից բարբարոսներ»՝ թույլ տալով, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի պատճենն այրելու ակցիա անցկացվի։





























