Հայաստանի զինված ուժերում առկա բացասական երեւույթները կարգապահության, քաղաքական կամքի, անպատժելիության, գաղտնիության եւ սպայական կազմի թերի պատրաստվածության հետեւանք են: «Կոնգրես» հյուրանոցում կայացած «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկմանը հայտարարել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինս հինգ առաջարկ է ներկայացրել, որոնք վերաբերում են Հայաստանի միջազգային պարտավորություններին եւ պետք է ապահովեն բանակի քաղաքացիական վերահսկողություն, բարեփոխումներն ու թափանցիկությունը:Կիրակոսյանի առաջին առաջարկով, Հայաստանի զինված ուժերի կազմում պետք է նոր ինստիտուտ ստեղծվի, որը կզբաղվի սպայական անձնակազմի վերապատրաստմամբ:
Փորձագետն առաջարկում է ընդհանուր կանոնագիրք ընդունել շարքային եւ սպայական անձնակազմի համար, ինչը կարող է խթանել կարգապահությունը բոլոր օղակներում: Ըստ Կիրակոսյանի, այսօր Հայաստանում խեղաթյուրված է ռազմական կարիերայի սկզբունքը, եւ մարդիկ կարիերա են անում ոչ իրենց արժանիքների եւ հմտությունների շնորհիվ: «Հրամանատարի կոչումը վաստակում են, նվեր չէ»,-ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանն առաջարկել է ռազմական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծել, նաեւ հստակեցնել Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական զինված ուժերի կարգավիճակը:



























