Հնդկաստանի կառավարությունը Twitter-ին եւ YouTube-ին կարգադրել է արգելափակել BBC-ի վավերագրական ֆիլմի հղումները, որոնք քննադատում են վարչապետ Նարենդրա Մոդիի դերը 2002 թվականին Գուջարաթում տեղի ունեցած անկարգություններում, հայտնում են տեղական լրատվամիջոցներն ու տեղեկատվության եւ հեռարձակման նախարարության խորհրդականը:
Տեղեկատվության եւ հեռարձակման նախարարության ավագ խորհրդական Կանչան Գուպտան իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ կարգադրվել է հեռացնել BBC-ի «India. Modi Question» վավերագրական ֆիլմի առաջին դրվագի յութուբյան մի քանի տեսանյութեր եւ հոլովակներին արված հղումներով ավելի քան 50 թվիթներ, հաղորդում է Al Jazeera-ն:
Նրա խոսքով՝ բովանդակությունն արգելափակվել է՝ օգտագործելով արտակարգ իրավիճակների լիազորությունները՝ համաձայն 2021 թվականի ՏՏ օրենքի։ «Եվ YouTube-ը, եւ «Twitter»-ը կատարել են հրահանգները», - գրել է նա Twitter-ում:
Երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմի առաջին դրվագը, որը հեռարձակվել է հունվարի 17-ին, ներկայացնում է Մոդիի քաղաքական գործունեւության վաղ տարիները եւ նրա վերելքը իշխող հինդու ազգայնական «Բհարաթիա Ջանատա» կուսակցության (BJP) կազմում:
Մոդին արեւմտյան Գուջարաթ նահանգի գլխավոր նախարարն էր, երբ միջհամայնքային անկարգությունների հետեւանքով զոհվեց ավելի քան 1000 մարդ, որոնց մեծ մասը մուսուլմաններ էին: Բռնությունը բռնկվել է այն բանից հետո, երբ բռնկվել էր հինդու ուխտավորներ տեղափոխող գնացքը, ինչի հետեւանքով զոհվել էր 59 մարդ:



























