Նախագահ Ջո Բայդենը 2023 թվական սկսում է նախագահական պաշտոնավարման ամենացածր վարկանիշով, չնայած միջանկյալ ընտրությունների արդյունքին, որի ժամանակ դեմոկրատները զբաղեցրել են Սենատը, իսկ Ներկայացուցիչների պալատում կորուստները հասցվել են նվազագույնի:

Reuters-Ipsos-ի հարցման համաձայն՝ ամերիկացիների 40 տոկոսը հավանություն է տալիս Բայդենի աշխատանքին։ Դա մի կետով բարձր է, քան անցած ամսվա հարցումը, սակայն բավական ցածր է, որպեսզի տագնապ առաջացնի դեմոկրատների շրջանում, որոնք սպասում են Բայդենի 2024 թվականի վերընտրության ազդանշանին, որը, ամենայն հավանականությամբ, կհաջորդի Կոնգրեսում կայանալիք ելույթին:

Բայդենի վարկանիշը գտնվում է իր անմիջական նախորդների՝ նախկին նախագահներ Թրամփի եւ Օբամայի՝ իրենց պաշտոնավարման այս փուլում ունեցած վարկանիշների միջեւ:

Իր նախագահության երրորդ տարում, ըստ Gallup-ի, Օբամայի վարկանիշը տատանվել է շուրջ 44 տոկոսի սահմաններում: Մինչդեռ Թրամփն ունեցել է 37 տոկոս վարկանիշ։ Օբաման համեմատաբար հեշտությամբ է վերընտրվել, մինչդեռ Թրամփը պարտվել է։