Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Շվեդիային եւ Ֆինլանդիային մեղադրել է «ահաբեկչության» դեմ պայքարում Անկարայի պահանջները չկատարելու մեջ։

Նրա խոսքով, Հելսինկիում եւ Ստոկհոլմում ցանկանում են ստանալ Թուրքիայի աջակցությունը՝ պաշտպանության եւ անվտանգության համար, բայց միեւնույն ժամանակ նույն երկրները մերժում են «ահաբեկչության դեմ» պայքարելու Անկարայի պահանջները։ «Այս իրավիճակում Թուրքիայի հանդեպ արձագանքն ու վերաբերմունքը լիովին սպասելի կլինի։ Մենք Շվեդիայից եւ Ֆինլանդիայից ակնկալում ենք պետության հզորության ցուցադրում՝ պարտավորությունները կատարելու եւ ստոր նախաձեռնությունները կանխելու համար։ Եթե համապատասխան քայլեր ձեռնարկվեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը դրա ուղղությամբ, մենք դրա հետ կապված խնդիրներ չունենք»,- ասել է նա, հաղորդում է Anadolu-ն։

«Թուրքիան թշնամական երկիր չէ ո՛չ Շվեդիայի, ո՛չ Ֆինլանդիայի համար։ Մենք սկզբունքորեն դեմ չենք ՆԱՏՕ այդ երկրների մտնելուն։ Ինչպես այս երկրները ցանկանում են համագործակցել ՆԱՏՕ-ի հետ անվտանգության ոլորտում, այնպես էլ մենք հանդես ենք գալիս ահաբեկչության դեմ պայքարում դաշնակիցների հետ համագործակցության օգտին»,- ասել է թուրք նախարարը։

Սակայն, նրա խոսքով, «ստոր ու նսեմ նախաձեռնություններն անտեսելը անընդունելի դիրքորոշում է»։ «Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում հարցերի վերաբերյալ Անկարայի վերաբերմունքը շատ պարզ եւ հստակ կլինի»,- ասել է նա՝ նկատի ունենալով վերջերս Ստոկհոլմում տեղի ունեցած բողոքի ակցիան, որի ժամանակ այրել են Ղուրանը, ինչպես նաեւ մեկ այլ բողոքի ցույց, որի շրջանակներում նախագահ Էրդողանի խրտվիլակը գլխիվայր կախել են քաղաքապետարանի դիմաց։