Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 23–ին, ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, ինչպես նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցեր:

Կարեւորվել է հայ-ադրբեջանական սահմանին Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ընդունված որոշումը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանն եւ անվտանգությանը: Անդրադարձ է կատարվել նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Վարչապետ  Փաշինյանն ընդգծել է, որ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում ու սրվում, չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, առողջապահական հիմնարկներն ունեն դեղորայքի խիստ պակաս եւ կանգնած են լրջագույն խնդիրների առաջ: Բացի այդ, Ադրբեջանի կողմից դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը, առկա է նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր: Կարեւորելով ստեղծված իրավիճակին միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ է ընդգծել օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձեւերի փաստը:

Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ եւ ընդգծել միջանցքի անխափան գործունեության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ԵՄ-ն շահագրգիռ է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմամբ եւ շարունակելու է նպաստել այդ խնդրի լուծմանը:

Կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության նոր քաղաքացիական առաքելության տեղակայման գործընթացի, ինչպես նաեւ ՀՀ-ում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ ՀՀ-ԵՄ համատեղ ծրագրերի ընթացքի շուրջ: