Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին համաձայնել է ամրապնդել էներգետիկ համագործակցությունը Աֆրիկայի խոշորագույն գազ արտահանող Ալժիրի հետ, հայտնում է Reuters-ը։

Մինչ ուկրաինական պատերազմը Իտալիան ներկրում էր իր բնական գազի 95%-ը, որի մոտ 40%-ը ստացվում էր Ռուսաստանից։

Այժմ այդ կախվածությունը նվազեցնելու համար Հռոմն ավելի ու ավելի հաճախ է դիմում Ալժիրին, որը պատմականորեն գազի երկրորդ խոշոր մատակարարն է Թունիսով եւ Միջերկրական ծովի հատակով անցնող խողովակաշարով: «Իտալիան անխուսափելիորեն դառնում է այս էներգիայի հասանելիության եւ դեպի Եվրոպա մատակարարումների դարպաս»,- ասել է Մելոնին Ալժիրում երկրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Տեբունը նշել է, որ միջերկրածովյան երկրների միջեւ համաձայնագիր է ստորագրվել մի «խողովակաշարի ուսումնասիրման եւ կառուցման մասին», որը կարող է «գազ, ջրածին, ամոնիակ» տեղափոխել։

Նա ասել է, որ դա Իտալիան կդարձնի «Եվրոպայի էներգետիկ կենտրոն» եւ նշել է, որ Ալժիրի եւ Իտալիայի միջեւ առեւտուրն արդեն կրկնապատկվել է՝ 2021 թվականին 8 միլիարդ դոլարից հասնելով 2022 թվականին՝ 16 միլիարդ դոլարի:

Մելոնիի նախորդ Մարիո Դրագին հուլիսին մի շարք գործարքներ էր կնքել Տեբունի հետ: Դրանց թվում էր 4 միլիարդ դոլար արժողությամբ նավթի ու գազի արդյունահանումը բաշխելու համաձայնագիրը, որը կնքվել է Ալժիրի եւ մի քանի էներգետիկ ընկերությունների, այդ թվում՝ իտալական Eni հսկայի միջեւ: