Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե Խուան Պոնսը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետեւանքների վերաբերյալ եւ կոչ է արել վերսկսել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կառուցողական երկխոսությունը։
«Ես ուշադիր հետեւում եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին լուրերին եւ շատ մտահոգված եմ, թե ինչպես են այդ իրադարձություններն ազդում տեղացի բնակիչների առօրյա կյանքի վրա, քանի որ մի քանի շաբաթ սահմանափակված է առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների հասանելիությունը: Բարձր գնահատելով մասնավորապես ԿԽՄԿ-ի՝ Լաչին տանող ճանապարհին շարունակվող բողոքի ակցիայի հետեւանքները մեղմելու ջանքերը, ես կոչ եմ անում բոլոր կողմերին ակտիվացնել իրենց ջանքերը՝ իրավիճակի շուտափույթ կարգավորման համար»,- ասել է նա։
Փոխնախագահը միացել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի կոչին, որը բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը եւ սկսել կառուցողական եւ արդյունավետ երկխոսություն՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավմանն ու վստահության ամրապնդմանը։
Փոխնախագահի խոսքով՝ «որքան երկար է այս վեճը մնում չլուծված, այնքան ավելի բացասաբար է ազդում ոչ միայն փխրուն խաղաղ գործընթացի վրա, այլեւ խաթարում է տարածաշրջանում ապագա խաղաղ գոյակցության հիմքերը»:
Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն ունի ներկայիս ճգնաժամը հաղթահարելու գործիքներ, սակայն կողմերից է կախված, թե որքանով դրանք ամբողջությամբ կօգտագործվեն, ինչպես նաեւ այլ երկրների կառավարություններից եւ խորհրդարաններից, որպեսզի անկանխակալ սատարեն այս գործընթացին եւ ապահովեն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված կառուցողական բանակցությունների առաջմղումը։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է աջակցել այս գործընթացին ամենուր, որտեղ դա անհրաժեշտ է եւ օգտակար է համարվում, ընդգծել է Պոնսը։





























