Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի  եւ Էրեբունի-Երեւան տոնակատարություններին ընդառաջ Երեւանում շարունակվում են բարեկարգման, արտաքին ձեւավորման եւ հարդարման լայնածավալ աշխատանքները:  Տոնական օրերին Երեւանը նորովի տեսքով կներկայանա թե երեւանցիներին , եւ թե  քաղաքի հազարավոր հյուրերին: Ավարտական փուլում են «Հաղթանակ», «Կիեւյան» կամուրջների եւ Կոմիտաս - Դավիթ Անհաղթի փողոցների ու Ազատության պողոտայի հատման մասի տրանսպորտային հանգույցի հարդարման եւ ձեւավորման աշխատանքները,  պատշաճ տեսքի են բերվում 200 շենքերի ճակատային հատվածները:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրերս շահագործման կհանձնվեն այս տարվա ծրագրով նախատեսված վերգետնյա 3 անցումները ` Շիրազի եւ Դավիթ Բեկ փողոցներում,  ինչպես նաեւ Ազատության պողոտայում: Կավարտվեն  2011 թ.-ի ծրագրով նախատեսված կենտրոնական փողոցների մայթերի վերակառուցման աշխատանքները: Հանրապետության հրապարակում շարունակվում են 40 կրկնակի հզորությամբ լուսարձակների տեղադրման, ինչպես նաեւ  կամուրջների, արձանների ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի գեղարվեստական լուսավորման ուղղությամբ տարվող աշխատանքները: Ծրագրերի իրականացմանն ակտիվորեն մասնակցել են նաեւ ՀՀ-ում գործող բանկերն ու մասնավոր ընկերությունները: Երեւանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ տոնական օրերին  մայրաքաղաքը կունենա աննախադեպ շքեղ լուսավորություն: