Հունվարին Մեծ Բրիտանիայի մասնավոր հատվածում տնտեսական ակտիվությունն ընկել է վերջին երկու տարվա ամենաարագ տեմպերով։ Ձեռնարկությունները աճի դանդաղման պատճառ համարում են Անգլիայի բանկի տոկոսադրույքները, գործադուլները եւ սպառողական թույլ պահանջարկը։
Գնման մենեջերների S&P Global/CIPS ինդեքսը (PMI) դեկտեմբերին 49,0-ից իջել է մինչեւ 47,8, ինչը տնտեսագետների կանխատեսումների ամենացածր շեմն է Reuters-ի հարցման մեջ եւ ամենացածր ցուցանիշը 2021 թվականի հունվարից: 50-ից ցածր ցուցանիշները վկայում են արտադրության անկման մասին:
Անկումը հակադրվել է եվրոգոտում գործարար ակտիվության աննշան աճին: «Հունվարին սպասվածից թույլ PMI ցուցանիշները ընդգծում են ռեցեսիայի մեջ ընկնելու Մեծ Բրիտանիայի ռիսկը»,- ասել է S&P Global-ի գլխավոր տնտեսագետ Քրիս Ուիլյամսոնը:
Այս ամսվա սկզբին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է նոյեմբերին՝ նվազեցնելով արտադրության երկու եռամսյակ անընդմեջ անկման հնարավորությունը՝ Եվրոպայում ռեցեսիայի լայնորեն օգտագործվող սահմանումը:
Սակայն այս տարի արտադրության լայնորեն սպասվող անկումը ճնշում կգործադրի Անգլիայի բանկի դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի (MPC) վրա, քանի որ այն դիտարկում է, թե որքանով էլի կարելի է բարձրացնել տոկոսադրույքները փետրվարի 2-ին:
Ֆինանսական շուկաները ակնկալում են, որ կենտրոնական բանկը հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի տոկոսադրույքները 3,5%-ից կբարձրացնի մինչեւ 4%, որպեսզի հաղթահարի երկնիշ գնաճը, եւ մինչեւ այս տարվա վերջը մինչեւ 4,5%:
Ֆինանսների նախարար Ջերեմի Հանթը մարտի 15-ին պետք է հայտարարի աճը խթանող միջոցառումների մասին, սակայն երեքշաբթի ավելի վաղ հրապարակված տվյալները ցույց են տվել, որ դեկտեմբերին փոխառությունների անսպասելիորեն մեծ թռիչք է գրանցվել, ինչը սահմանափակել է նրա հնարավորությունները:
Տնտեսագետներն ասում են, որ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կորցնում է թափը, մինչդեռ Եվրամիության գործընկերները կարծես թե թափ են հավաքում:
Ֆունտ սթեռլինգը եվրոյի եւ դոլարի նկատմամբ էժանացել է մոտ 0,5%-ով։
Մեծ Բրիտանիան նույնպես գործադուլների ալիքի մեջ է, քանի որ երկաթուղային աշխատողները, բուժքույրերը, շտապօգնության վարորդներն ու ուսուցիչները ավելի բարձր աշխատավարձեր են պահանջում:
PMI-ի տվյալները ցույց են տվել, որ ձեռնարկությունների կողմից գանձվող գները 2021 թվականի օգոստոսից ամենադանդաղ տեմպերով են աճել, թեեւ աճը պատմական չափանիշներով դեռ թափով է եղել:





























