Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ, այսօր` սեպտեմբերի 14-ին քննել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Աշոտ Նադիրյանի միջնորդությունը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին:
Դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, սակայն այդ որոշումը դեռ չի հրապարակել: Հայտնի չէ, թե երբ է կայանալու համապատասխան նիստը:
Նշենք, որ Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն երրորդ անգամ: Արդեն երկրորդ անգամ դատական նիստը կայանում է առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության, նա պարզապես հրաժարվել է մասնակցել դրանց:
Թամամյանը անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ):
Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում:



























