ԼՂ հայությանն իրենց տներից արտաքսելը Ադրբեջանի միակ նպատակը չէ, այս սադրիչ գործողություններով Ադրբեջանը նպատակ ունի խափանել նաեւ խաղաղության օրակարգը, խաղաղության բանակցային գործընթացը եւ նոր պատերազմ հրահրել տարածաշրջանում: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հասկանալի է, որ Լաչինի միջանցքի փակման եւ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը մենք բոլորս շատ էմոցիոնալ ենք տանում, բայց կրկին պետք է ընդգծեմ այս իրավիճակի շուրջ զսպվածության անհրաժեշտությունը, եւ խաղաղության օրակարգին հակասող բառապաշարի ու գործողությունների բացառումը առավել եւս պետական իշխանության ներկայացուցիչների կողմից:
Մենք շարունակում ենք հետեւողական լինել խաղաղության օրակարգի առաջմղման մեր ջանքերում եւ որեւէ սադրանքով մեզ հնարավոր չպետք է լինի շեղել այս օրակարգից:
Միաժամանակ, պետք է շարունակել մեր համատեղ ջանքերը, համատեղ ասելով նկատի ունեմ իշխանություն, ընդդիմություն, քաղհասարակություն, հայաստանյան եւ Սփյուռքի անհատներ ու կազմակերպություններ, ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության նկատմամբ իրականացվող ոտնջգությունների վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու ուղղությամբ»,-ասաց Փաշինյանը:
Նա շնորհակալություն հայտնեց երկրներին ու կառույցներին, որոնք իրավիճակին արձագանքում են օբյեկտիվորեն ու անկողմնակալ՝ հենվելով մարդու իրավունքների եւ երկրների ստանձնած միջազգային պարտավորությունների վրա:
«Ընդհանուր առմամբ մեր տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի, եւ մենք առաջնորդվելու ենք այս տրամաբանությամբ, որքան էլ հասկանում ենք բոլոր բարդություններն ու դժվարությունները»,-ընդգծեց վարչապետը:





























