Հայաստանում սեպտեմբերի 5-9-ին կայացել է Միջազգային Սիմպոզիում` նվիրված Օպտիկային եւ նրա կիրառություններին (optics and its applications): Սա եզակի միջոցառում էր, որի ընթացքում կազմակերպիչները փորձել են միեւնույն ծրագրի շրջանակներում համախմբել գիտության եւ արդյունաբերության հայաստանյան խոշոր կենտրոնները:

Սիմպոզիումի կազմակեպիչներն էին Օպտիկայի եւ Ֆոտոնիկայի միջազգային հանրության (SPIE) ԵՊՀ եւ ԳԱԱ ուսանողական մասնաճյուղը, Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտը, Ռուս Հայկակաան Համալսարանը, ԼՏ ՊԻՐԿԱԼ ձեռնարկությունը եւ Երեւանի Պետական Համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը:

Սիմպոզիումը նվիրված էր SPIE ԵՊՀ եւ ԳԱԱ  ուսանողական մասնաճյուղի գործունեության 5 ամյակին: Նպատակն էր մասնակիցներին հնարավորություն ընձեռել ծանոթանալ գիտության վերջին նվաճումներին եւ Հայաստանում Օպտիկայի բնագավառում արդյունաբերության նվաճումներին: Մասնակիցների ելույթները տեղի էին ունենում կազմակերպիչ գիտական եւ արդյունաբերական կենտրոններում եւ ուղեկցվում էին նշված վայրերի գիտական լաբորատորիաների այցերով, իսկ սիմպոզիումի վերջին օրը տեղի է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալած կազմակերպությունների օպտիկական արտադրանքի ցուցադրությունը:

Գիտաժողովին մասնակցել են մոտ 150 գիտականներ աշխարհի 15 երկրներից:

Գիտաժողովի ընթացքում ներկայացված աշխատանքները հրատարկվելու են համաշխահային հեղինակություն վայելող  Journal of Physics: Conference Series գիտական ամսագրում, ինչը հիանալի հնարավորություն է գիտնականների համար իրենց աշխատանքին տեղյակ դարձնել գործընկերներին տարբեր երկրներից:

Սիմպոզիումը ղեկավարել են ՖՀԻ տնօրեն Արամ Պապոյանը եւ Օպտիկայի Միջազգային Հանձնաժողովի (ՕՄՀ) նախագահ Մարիա Լուիզա Կալվոն, իսկ կազմակերպիչներն էին երիտասարդ գիտնականներ ՖՀԻ եւ ԵՊՀ-ից`  Նարինե Գեւորգյանը, Տիգրան Դադալյանը, Արծրուն Մարտիրոսյանը, Պայծառ Մանթաշյանը եւ Կարեն Վարդանյանը: Սիմպոզիումի պատվավոր հյուրերից էր նաեւ SPIE միջազգային կազմակերպության նախագահ Կատարինա Սվանբերգը եւ բազմաթիվ անվանի հայ եւ արտասահմանցի գիտնականներ:

Կազմակերպիչները, սիմպոզիումի կազմակերպման ընթացքում ցուցաբերած օգնության համար իրենց խորին երախտիքն են հայտնել ԼՏ ՊԻՐԿԱԼ կազմակերպության տնօրեն Գագիկ Բունիաթյանին, ՌՀՀ Ֆիզիկա Տեխնիկական Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանին:

Սիմպոզիումի բացման խոսքում, ՕՄՀ-ի նախագահ Մարիա Կալվոն հայտարարել է, որ օգոստոսին Մեքսիկայում կայացած ՕՄՀ-ի գլխավոր համաժողովի նիստի ժամանակ, քվեարկությամբ Հայաստանը դարձել է Օպտիկայի Միջազգային Հանձնաժողովի միջազգային կազմակերպության անդամ, ինչը մասնագիտական նոր հնարավորություններ եւ հեռանկարներ է ստեղծում Հայաստանում օպտիկայի բնագավառում աշխատող գիտնականների համար:

Սիմպոզիումի ընթացքում հայտարարվել է նաեւ, որ պրոֆ. Մարիա Կալվոն արժանացել է Ռուս Հայկական Համալսարանի պատվավոր Դոկտոր կոչմանը:

SPIE ԵՊՀ եւ ԳԱԱ  ուսանողական մասնաճյուղը սիմպոզիումի մասնակից երիտասարդ գիտնականների աշխատանքը խրախուսելու համար սահմանել էր նաեւ երկու մրցանակ` «Լավագույն ուսանողական գիտական աշխատանք» անվանակարգում, փորձարարական եւ տեսական աշխատանքների համար,  որի հաղթողները ընտրվեցին սիմպոզիումի գիտական կոմիտեի անդամների կողմից:

Սիմպոզիումի հովանավորներն էին, Տեսական Ֆիզիակայի Միջազգային կենտրոնը (ICTP), Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ), Հայաստանի Գիտության Պետական Կոմիտեն, ԼՏ Պիրկալ ՓԲԸ-ն, Ռուս Հայկական Համալսարանը, Բարեպաշտ սերունդ Հիմնադրամը: