Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, կառավարության նիստից առաջ հանդիպեց կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիա իրականացնող կրպակատերերի հետ: Նրանք հիմնականում Դավիթաշենի Տիգրան Պետրոսյանի փողոցի կրպակատերերն էին, որոնք երեկ քաղաքապետարանից ծանուցում են ստացել 1 շաբաթվա ընթացքում ապամոնտաժել կրպակները:
Կրպակատերերը պնդում են, որ ունեն օրինական վարձակալության պայմանագրեր, որոնց ժամկետը չի լրացել: Բացի այդ, նրանց խոսքով, կրպակները գազոնի վրա չեն, մայթը չեն փակում, ու ընդհանրապես` ոչ մեկին չեն խանգարում:
Կանանցից մեկը նույնիսկ սպառնաց իրեն բենզինով վառել, եթե իր օրինական իրավունքները չհարգվեն:Կ. Անդրեասյանը հավաքվածներին խորհուրդ տվեց ակցիայից հետո իրեն ներկայացնել կրպակների իրավական հիմքերն ու ծանուցումները: «Կան կրպակներ, որ լիարժեք իրավական հիմք ունեն, կան, որ թերի են այդ իրավական հիմքերը, բայց դա չի նշանակում, որ կրպակների ապամոնտաժումն օրինական է»,- ասաց օմբուդսմենը: Նա խոստացավ յուրաքանչյուր դիմում առանձին ուսումնասիրել:




























