Հոկտեմբերի 27-ի պատվիրատուների բացահայտմանը հետամուտ լինելու խնդիրը մնում է «Ժառանգության» օրակարգում: Այդ մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Այսօր լրացավ Հայաստանի երիտասարդ պետականության հիմքերը ցնցած ոճրագործության 10 տարին: Այն ահասարսուռ օրը մի խումբ կամակատար հանցագործների ձեռքով զոհվեցին Հայաստանի Հանրապետության 8 նվիրյալներ` պետականության եւ արցախյան հաղթանակների ակունքներում կանգնած ազգային գործիչներ:
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ցուցանել է. քանի դեռ հայ ազգը միասնական է` անպարտելի է, իսկ պարտվել է ներքին անմիաբանության պատճառով: Այլեւս պարտավոր ենք թույլ չտալ, որպեսզի մեր իսկ հայրենակիցները թշնամուն հանձնեն մեր անառիկ բերդերի եւ հազարամյա մայրաքաղաքների բանալիները, սպանեն կամ հեռացնեն մեր առաջնորդներին եւ մեզ ղեկավար կարգեն օտարներին»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ կուսակցության, «այսօր էլ, երբ ազգի գլխին մի նոր արհավիրքի վտանգ կախված է` միաբանվելու եւ արտաքին ու ներքին մարտահրավերներին արժանապատվորեն դիմակայելու փոխարեն զբաղված ենք մի կողմից հանուն սեփական անցողիկ իշխանությունը եւ արտաքին լեգիտիմությամբ այն ապահովելու սին նպատակի` ազգային շահերն այլոց զոհաբերելով, իսկ մյուս կողմից` ներընդդիմադիր հրմշտոցով, սեփական հատվածական շահերի առաջմղմամբ»:
Նման վիճակի պատճառներից մեկն էլ, ըստ «ժառանգության» այն է, որ Հոկտեմբերի 27-ը տակավին բացահայտված չէ, պատժված են միայն կամակատար մարդասպանները, իսկ պատվիրատուները շարունակում են իրենց սեւ գործը հայոց պետականության դեմ: «Ժառանգություն» կուսակցությունն իր օրակարգից երբեւէ չի հանելու այս ոճրագործության պատվիրատուների եւ պատասխանատուների արժանի պատժին հասնելու խնդիրը":




























